Փաստաբան․ Նադեժդա Սավչենկոն ազատ կարձակվի

Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում, արխիվ

Ռուսաստանում երկու լրագրողի սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Ուկրաինա կվերադառնա մինչև փետրվարի վերջը: Այս մասին հայտարարել է 34-ամյա Նադեժդա Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը՝ ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: Ըստ փաստաբանի, ռուսական և ուկրաինական կողմերը Սավչենկոյին վերադարձնելու շուրջ պայմանավորվածության են հանգել:

Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում բազմիցս հայտարարել է, որ 2014 թվականին իրեն առևանգել են ռուսամետ անջատականները, իսկ իր դեմ հարուցված քրեական գործն «ամբողջությամբ շինծու է»: Սավչենկոն անցած դեկտեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու՝ ռուսական դատարանի որոշման դեմ: