Սուքիասյանների ընտանիքը արդեն 20 տարի սպասում է իրեն հասանելիք բնակարանի փոխհատուցմանը

Ելենա Սուքիասյան

Երևանաբնակ Սուքիասյանների ընտանիքը արդեն շուրջ 20 տարի չի կարողանում փոխհատուցում ստանալ դեռ խորհրդային տարիներին ոչ իր մեղքով կորցրած տան համար։

90-ականներին Շենգավիթ համայնքի կոշիկի գործարանում բռնկված հրդեհից 4 հոգանոց ընտանիքի տունը հիմնահատակ այրվել էր, ու թեև թաղապետարանը պաշտոնապես խոստացել էր Երևանի արվարձաններից մեկի նորակառույցում 3 սենյականոց բնակարան հատկացնել, առայսօր տիկին Ելենան վարձով է բնակվում։

«Քաղաքապետարան զանգում էի, ասում էին՝ սպասեք, մի բան կլինի, մի օր էլ զանգեցի, ասում ա՝ ուշացրել եք արդեն։ Ասում եմ՝ ի՞նչն եմ ուշացրել, դուք իմ հասցեն գիտեք, փաստաթղթերը ունեք...»,- պատմում է նա։

Տիկին Ելենայի երկու տղաները Ռուսաստան են մեկնել՝ արտագնա աշխատանքի: Ասում է՝ աշխատանք չունեն, ուզում են վերադառնալ, բայց այստեղ էլ տուն չունեն: Թաղապետարանի պաշտոնական գրությունը ձեռքին՝ տիկին Ելենան տասը տարուց ավելի պաշտոնյաների դռներն է թակում: Բողոք-դիմումներն արդեն հաստափոր թղթապանակ են դարձել, պատասխանը մեկն է՝ քաղաքապետարանն այս պահին ազատ բնակարաններ չունի, առաջին իսկ հնարավորության դեպքում հարցը քննության կառնի։

«Քաղաքապետարանում ասացին՝ հիմա վթարային շենքերի բնակիչներին ենք տալիս, ձեզ հերթագրում ենք՝ ամենաառաջնահերթն եք, հենց էդ օրենքը դուրս եկավ, իմացի՝ առաջին հերթին դու ես, հետո էլ զանգում եմ, ասում է՝ ուշացրել ես արդեն։ Լսեցի, որ մարդկանց տեղավորել են, ով կարողացել է, ով գումար ունի, ով ծանոթ է, ով բարեկամ է, մենք մնացինք սենց»,- դժգոհեց կինը։

Օմբուդսմենի գրասենյակը ևս մարդու իրավունքների խախտում է որակել Սուքիասյանների հետ կատարվածը՝ պնդելով, որ պետությունը պարտավոր է ապահովել նրանց բնակարան ստանալու իրավունքը: Տիկին Ելենան պատրաստվում է դիմել դատարան ու հասնել մինչև Ստրասբուրգ:

Սեփական բնակարանից զրկված կինը տարիներ շարունակ չի կարողանում նաև իր թոշակն ու անչափահաս թոռան հասանելիք նպաստը ստանալ.- «Ասում է՝ էդ հասցեում չես ապրում, թոշակ, նպաստ ստանալու համար գնա գրանցվի էնտեղ, որտեղ վարձով ես ապրում։ Ինչի՞ պետք է ես իմ հասցեն կորցնեմ, գամ, ուրիշի տան վրա գրանցվեմ։ Ուրիշը չի էլ թողնի իրա տան վրա գրանցվեմ։ Էս տարիքում ընկել եմ փողոցները, ինչ պատահի, ծախում եմ, ի՞նչ անեմ»։

61 տարեկան վատառողջ կինը ստիպված է դռնեդուռ ընկած առևտուր անել՝ դստերն ու թոռանը պահելու համար: Օրը պարտքով սկսող ու ավարտող այս ընտանիքը այլևս հույս չունի, որ երբևէ քաղաքապետարանից տուն կստանա.- «Էն Հրանուշ եսիմինչյան է, ասում է՝ եկեք տուն։ Որ գան տուն, ո՞ւր մնան։ Շենքերը սարքել են թանկ ու կրակ, ծախում են, ամբողջ Երևանով մեկ նոր շենքեր են կառուցված, բայց ո՞ւմ է պետք, որ մարդիկ փողոցներում են»։

Քաղաքապետարանը «Ազատության» հարցմանն ի պատասխան հաստատեց, որ Շենգավիթի շրջկոմը հրդեհի հետևանքով անօթևան մնացած այս ընտանիքին բնակարան է հատկացրել քաղաքի ծայրամասերից մեկում, սակայն, նորակառույցի շինարարական աշխատանքները այդպես էլ չեն ավարտվել, շենքն էլ շահագործման չի հանձնվել:

«Երևան համայնքը չի հանդիսանում ո՛չ Երևանի քաղաքային, շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, և ո՛չ էլ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը»,- գրավոր պատասխանել է քաղաքապետարանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե երբ և ումից կարող է տարեց կինը ստանալ հասանելիք բնակարանը։