«Նոր Հայաստան»-ը բանակցում է՝ մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով անցկացնելու շուրջ

ՀԱԿ-ի հանրահավաքին հետևած երթը 2015 թվականի մարտի 1-ին:

Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Նոր Հայաստան»-ը բանակցություններ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ մարտի 1-ի հանրահավաքը միասնական օրակարգով անցկացնելու նպատակով:

Նախաձեռնության անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ դեկտեմբերի 1-ին մոբիլիզացիան չստացվեց, մարտի 1-ին, սակայն, փորձելու են միասնական հարթակ ձևավորել․ - «Այս փուլում, մարտի 1-ը համարելով մոբիլիզացիայի լավագույն օրը, կրկին փորձում ենք ընդդիմության հետ, շահագրգիռ քաղաքական ուժերի հետ, մտավորականների, հասարակական կազմակերպությունների հետ բանակցել»:

Ընդդիմությունը միավորելու համար «Նոր Հայաստան»-ը առաջադրում է օրակարգի հետևյալ կետերը․ միջազգային պատժամիջոցների ենթարկել Մարտի 1-ի պատասխանատուներին, դեկտեմբերի 6-ի հանրաքվեն կեղծողներին, համակարգային կոռուպցիայի մեղավորներին:

«Ներքին պատասխանատվություն գոյություն չունի: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները այսօր իշխանությունների կցորդն են և ըստ էության բացառապես քաղաքական հրահանգներ են իրականացնում: Ակնհայտ է, որ անկախ դատարաններ չունենք», - ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Նոր Հայաստան»-ի առաջադրած կետերից են նաև՝ ազատ արձակել, իրենց համոզմամբ՝ քաղաքական բանտարկյալներին, համաներմամբ գոնե մասնակի լուծել բանտերի գերբեռնվածության հարցը, և ոստիկանական զորքն ուղարկել սահմանը պաշտպանելու՝ ընդդիմության ցույցերը ճնշելու փոխարեն:

«Ներքին զորքեր պահում են ո՞ւմ համար․․․ Ընտրություններ կեղծեն ու այդ ընտրակեղծարարության ժամանակ բողոքողներին ոստիկանական մահակով ճնշեն: Այդ հարկերը մենք ենք տալիս ոստիկանությանը: Ես չեմ ուզում, որ ինքը գա, ինձ մահակով խփի: Հա՞րկ եմ տալիս՝ գնացեք սահման պահեք», - նշեց Մարտիրոսյանը:

«Նոր Հայաստան»-ի անդամ Պետրոս Մակեյանը չի բացառում, որ օրակարգը լրացվի․ - «Մենք փորձում ենք կոմպրոմիսային գտնենք, որ առաջին քայլը կատարենք: Հաջորդ քայլը, բնականաբար, մարտի 1-ին ժողովուրդը ինքը պետք է նաև պարտադրի հարթակ եկած ընդդիմադիրներին, որ այս օրակարգն է այսօր արդիականը՝ իշխանափոխության գնալը․․․ Ամեն ինչ այդ օրը հրապարակ եկած ժողովրդի քանակի և կամքի արդյունքում կձևավորվի»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ընտրվել է այնպիսի օրակարգ, որպեսզի միասնական հանրահավաքը կայանա․ - «Այն առաջարկները, որոնք ներկայացրել ենք, ըստ էության, եթե այս առաջարկների շուրջ էլ չեն ցանկանում միավորվել մեր ընդդիմադիր գործընկերները, ապա ես չգիտեմ այլևս նման միավորման անհրաժեշտությունը կլինի՞, թե՞ ոչ: Ճիշտն ասած, սրանք պահանջներ են, որոնք անմիջականորեն կապ ունեն Մարտի 1-ի հետ, իսկ Մարտի 1-ը, կարծեք թե, բոլորը ընդունում են որպես եզակի օր: Սա էլ իշխանափոխության հենց կոնկրետ պահանջը չէ, որ տարբեր խուսանավեն մեր գործընկերները՝ պատկերացնելով այլ ձևով իշխանափոխություն»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ կծանոթանա հայտարարությանը և անհրաժեշտության դեպքում կարձագանքի:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այլ ուժերի հետ համագործակցելու հարց դեռ չեն քննարկել, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին իր ավանդական հանրահավաքն է անցկացնելու․ - «Բոլորդ գիտեք, որ 2009 թվականից ի վեր ամեն մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը ավանդաբար անցկացնում է մարտիմեկյան հանրահավաքը, որի նպատակն է հարգել զոհվածների հիշատակը, բայց նաև խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին: Մենք դա արել ենք և այս անգամ էլ կանենք: Բնականաբար, շատ հարցեր կարող են քննարկվել: Քաղբանտարկյալների հարցն էլ կարող ենք քննարկել, քաղբանտարկյալների համար մենք միշտ էլ կռիվ ենք տվել, միշտ էլ պաշտպանել ենք: Քաղբանտարկյալները հիմնականում մեր թիմից են եղել, հիմա այլ թիմերից են, բայց մեզ համար դա ոչ մի նշանակություն չունի»: