Սոցապ և էկոնոմիկայի նախարարները՝ իրենց հնարավոր պաշտոնանկության մասին

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյան, արխիվ

Մամուլը համառորեն գրում է դաշնակցականներին էկոնոմիկայի և սոցապ նախարարի պաշտոններում նշանակելու մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր պաշտոնին հրաժեշտ տալը խնդիր չի համարում։

Դիտարկմանը` եթե կոալիցիոն համագործակցության շրջանակում որոշվի, որ պետք է հրաժարական տա, Արտեմ Ասատրյանն այսպես արձագանքեց. - «Ես որևէ խնդիր չեմ տեսնում»։

ՀՀԿ (Հանրապետական կուսակցություն) - ՀՅԴ (Հայ Յեղափոխական Դաշնակցություն) հնարավոր համագործակցության շրջանակներում քննարկվում է նաև նախարարական պորտֆելների վերաբաժանման հարցը։ Մամուլը համառորեն գրում է դաշնակցականներին էկոնոմիկայի, սոցապ նախարարի պաշտոններում նշանակելու մասին։

Սոցիալական հարցերի նախարարը պնդեց, թե վարչապետը պաշտոնանկության թեմայով իր հետ չի զրուցել, իր տրամադրությունն էլ աշխատանքային է։ «Որևէ խոսակցություն չի եղել», - ասաց Ասատրյանը։

Կարեն Ճշմարիտյան, արխիվ

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր պաշտոնը զիջելուց անտեղյակ էր։ «Ես տեղեկություն չունեմ էդպիսի, շատ կարճ ասեմ։ Վարչապետի հետ փոխհարաբերությունները աշխատանքային են, այնպիսին են, ինչպիսին որ պետք է լինեն էկոնոմիկայի նախարարի և վարչապետի հարաբերությունները, այլ բան չեմ կարող ասել, այսինքն՝ ոնց որ դուք պատկերացնում եք՝ դրական», - ասաց Ճշմարիտյանը։

Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Դաշնակցության հետ հնարավոր համագործակցության մասին, ինչպես նաև շատ այլ հարցեր հնարավոր չեղավ ուղղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին. անվտանգության ծառայության աշխատակիցները խորհրդարանի բակում սահմանափակել էին լրագրողների տեղաշարժը, ուստի հնարավոր չեղավ մոտենալ խորհրդարան եկած վարչապետին, ինչն, ի դեպ, նախկինում հնարավոր էր անել անարգել։