Նորխարբերդցիներից տուրք են պահանջում ընտանի կենդանիներ պահելու համար

Շուրջ 12 հազար տուն ունեցող ամառանոցային տարածքը մտնում է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեջ, իսկ այստեղ, ըստ օրենքի, ընտանի կենդանի պահելու համար սահմանված է տարեկան մինչև հինգ հազար դրամ տուրք:

Նոր Խարբերդի բնակիչներին վրդովեցնում է այն, որ իրենց բողոքներին ի պատասխան պաշտոնյաները բերում են Գերմանիայի օրինակը: «Թող Եվրոպայի թոշակը ստեղ տան, Եվրոպայի պայմանները թող ստեղ ստեղծեն, ոչ մեկն էլ չի հրաժարվի», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Նրա հարևանուհին հավելեց․ - «Երեք հատ հավ պահելու համար, որ թոռնիկս ձու ուտի, ես պիտի տուրք տա՞մ պետությանը: Թող ուրեմն ինձ ապահովեն գործով, գոնե հավաքարարի գործով»:

«Աշխատել եմ, ստեղծել եմ, պետությունից ոչինչ չեմ ուզել, ինձ ոչինչ չեն տրամադրել․․․ 500-600 մետր տարածքում մենք էդ ի՞նչ ենք անում, որ կառավարության աչքը կպել ա․․․ 500 մետրից էլ փող են ուզում գանձել», - ասաց Ֆրունզիկ Թամազյանը, ով այդ հարցով նամակով դիմել է անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, սակայն, պնդում է, որ իրենք գործել են օրենքի շրջանակներում: Իսկ Նոր Խարբերդի բնակիչներին խորհուրդ է տալիս դիմել Տարածքային կառավարման նախարարություն՝ տարածքը Խարբերդ գյուղին միացնելու խնդրանքով: