Երևանի պոլիկլինիկաների մեծ մասը ԽՍՀՄ փլուզումից հետո չի հիմնանորոգվել

Երևանի պոլիկլինիկաներից մեկը, արխիվ

Անվճար բուժօգնություն տրամադրող քաղաքային պոլիկլինիկաների մեծ մասը Խորհրդային Միության փլուզումից հետո չի հիմնանորոգվել: Մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ Դավիթաշեն համայնքի միակ պոլիկլինիկայում, ցուրտ միջանցքները սակավամարդ էին, թեև Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է հիվանդանոց գնալու փոխարեն նախ տեղամասային պոլիկլինիկա դիմել:

«Հիվանդ եմ, եկել եմ ուղեգիր վերցնեմ, որ յանի էթամ, բուժվեմ։ Ստեղ մի ժամ սպասեմ, հերիք ա, էլի, որ էս ցրտին ավելի վատանամ»,- «Ազատությանն» ասաց այցելուներից մեկը։

Հիմնադրման օրվանից երբևէ չհիմնանորոգված, սևացած հատակով շենքում որոշ հիվանդասենյակներ էլեկտրական սալիկներով են ջեռուցվում: Հազարավոր բնակիչների սպասարկող բուժհաստատության ամենատաք սենյակներից մեկը տնօրեն Էդուարդ Բարսեղյանի աշխատասենյակն էր: Նա «Ազատության» հարցերին չպատասխանեց, ընդգծեց՝ նորոգման հետ կապված հարցումներն արդար չեն ու անտեղի են, մյուս տարի շենքը կջեռուցվի, մինչ այդ էլ կփոխվեն բոլոր պատուհանների ապակիները: Տնօրենը նաև պնդեց՝ բժշկական նոր սարքավորումներ ունեն, բայց արգելեց դրանք նկարահանել: «Լավ ու վատ չկա, կա միայն լավը»,- չնկարահանվելու պայմանով ասաց տնօրենը:

Մինչդեռ միջանցքներում սպասող հիվանդները նրա ծրագրերից անտեղյակ սրտնեղում են.- «Մենք սառեցինք, ուր մնաց երեխան չսառի։ Ցուրտ ա»։ «Բուժանձնակազմի աշխատանքը գոհացնում է, բժիշկների սենյակները ջեռուցվում են, իսկ միջանցքներում ցուրտ է։ Ստիպված ենք լինում երբեմն երկար սպասել, ու սպասելու ընթացքում նույնիսկ առողջ մարդը կարող է հիվանդանալ, ուր մնաց, որ վատառողջ գալիս ենք տարբեր կաբինետներ անցնելու և հիվանդությունները ավելացրած վերադառնում ենք»։

Ի տարբերություն այս պոլիկլինիկայի, 60 հազարից ավելի քաղաքացի սպասարկող «Նոր Արաբկիր» առողջապահական կենտրոնը կենտրոնացված ջեռուցում ունի, բայց միջանցքի տաքացուցիչ-սալիկին մեջքը հենած հիվանդը ջերմություն չէր զգում: Այստեղ նույնպես քիչ թե շատ բարվոք ու մասնակի նորոգված էր միայն ադմինիստրատիվ հատվածը։

«Ինչի՞ պիտի գամ ես էստեղ մրսեմ»,- բողոքեց տարեց այցելուն։ Մյուսն էլ հավելեց.- «Պայմաններ չկան էստեղ ընդհանրապես, տեխնիկան հին է, նորագույն սարքավորումներ չկան, բժիշկները պետք ունենան իրենց ձեռքի տակ ամեն ինչ, չէ՞»։

Ցուրտ ու մութ միջանցքներով, խարխլված մանրահատակով, ոչ սանիտարահիգիենիկ զուգարաններով Ավանի թիվ 12 պոլիկլինիկան էլ հազարավոր քաղաքացիների է սպասարկում: Իսկ նախարարության ու քաղաքապետարանի պնդումները, թե պոլիկլինիկական ծառայություններն անվճար են, այցելուները կասկածի տակ են դնում սեփական փորձով.- «Ես թոշակառու մարդ եմ, բայց ամեն ինչ վճարովի է։ Վերջին անգամ եկել եմ ընդհանուր ստուգման և վճարել եմ։ Ոչ մի անվճար բան էլ չկա»։

Ե՞րբ է քաղաքային իշխանությունը գումար հատկացնելու պոլիկլինիկաների նորոգման համար. «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, թե մինչև 2013 թվականի քառամյա ծրագրով գերակա ուղղություն է ճանաչվել ջեռուցումն ու տեխնիկական վերազինումը: Թեև այդ ժամկետից անցել է մոտ 3 տարի, սակայն Երևանի երկու տասնյակից ավելի պոլիկլինիկաներից առնվազն 10-ը դեռ չեն ջեռուցվում, իսկ 7-ում պատուհանները փոխված չեն:

Թեպետ մեր այցելած պոլիկլինիկաների տնօրենները թույլ չտվեցին նկարահանել բժշկական նոր սարքավորումները, քաղաքապետարանը ընդգծում է՝ դրանք նպաստել են ոչ միայն որակի բարձրացմանը, այլ նաև եկամուտների ավելացմանը, ինչի արդյունքում ստեղծված ֆոնդերը ուղղվում են նորոգման աշխատանքներին: Թե որքան գումար կպահանջվի պոլիկլինիկաները հիմնովին նորոգելու համար, քաղաքապետարանում չգիտեն։ Ըստ պաշտոնական պատասխանի՝ հաշվարկներ էլ դեռ չեն արել: