Су-34-ի՝ Թուրքիայի սահմանը խախտելու տվյալները «փոխանցվել են ռուսական կողմին»

Ռուսական Су-34 օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Անկարան վստահեցնում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կիրակի երեկոյան հայտարարել է, որ Су-34 օդանավի՝ հունվարի 29-ին Սիրիայի կողմից թուրքական սահմանը խախտելու մասին տվյալները փոխանցվել են ռուսական կողմին:

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հավելել է՝ պաշտոնական Անկարան հուսով է, որ Մոսկվան պատասխանատու կգտնվի և կասի ճշմարտությունը:

Այն, որ ռուսական օդանավը հատել է Թուրքիայի օդային սահմանը, ապացուցված է, և բոլոր այդ նյութերը Անկարան փոխանցել է Մոսկվային, ասել է Չավուշօղլուն:

Թուրքիան ցանկանում է, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, վստահեցրել է նա:

Ռուս-թուրքական այս նոր միջադեպը մեկնաբանել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ երեկ հայտարարելով, թե չի ստացվի լռության մատնել այն փաստը, որ ռուսական օդանավը խախտել է իր երկրի օդային սահմանը:

Մոսկվան Անկարայի այս մեղադրանքը հերքում է: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը թուրքական կողմի մեղադրանքը «անհիմն պրոպագանդա» է որակել:

Փորձագետներն էլ նկատում են, որ ռուս-թուրքական նոր միջադեպը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել․ այս մասին հաղորդել է Anadolu լրատվական գործակալությունը, տեղեկությունը տարածել են նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Տագնապի բարձրագույն մակարդակը նշանակում է, որ օդուժը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին, իսկ օդաչուներն առանց հրամանատարների հետ համաձայնեցման կարող են գործել, այսինքն՝ ոչնչացնել Թուրքիայի սահմանը խախտող օդանավերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այդուհանդերձ, հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել այս հարցը:

Կրեմլը դեռ չի արձագանքել:

Միացյալ Նահանգները նույնպես հաստատել է սահմանը խախտելու փաստը և Մոսկվային ու Անկարային իրավիճակը չսրելու կոչ է արել:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հիշեցնենք, սրվել են անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսական Cy-24 ինքնաթիռը խոցելուց հետո։