Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Ռուսաստանին Թուրքիայի օդային սահմանը խախտելու կապակցությամբ:

«Սահմանային նման խախումները շարունակելու դեպքում, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանատվություն կրել նաև հետևանքների համար», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել՝ այլևս չներխուժել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների օդային տարածք: «Նախորդ միջադեպերը ցույց են տվել, թե որքան վտանգավոր կարող են լինել նման քայլերը», - ընդգծել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ ուրբաթ օրը ռուսական Су-34 ինքնաթիռը ժամը 11:46-ի սահմաններում խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ռուսական կողմը, սակայն, հերքել էր այս հայտարարությունը՝ այն որակելով «անհիմն քարոզչություն»: