Ադրբեջանը ԵԽԽՎ-ին մեղադրում է «երկակի չափանիշների» կիրառման մեջ

ԵԽԽՎ նիստերի դահլիճը, արխիվ © Shutterstock

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասքերովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ադրբեջանամետ զեկույցի ձախողումը ԵԽԽՎ-ում, հայտարարել է, որ նման կերպ ողջ աշխարհն ականատես եղավ այդ կառույցի կողմից «երկակի չափանիշների» կիրառմանը:

Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում» զեկույցը հունվարի 26-ին ձայների 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ չէր ընդունվել:

Ասքերովի խոսքով՝ սա «ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհում չի պահպանվում միջազգային իրավունքը, գերտերություններն օգտագործում են այն ի շահ սեփական նպատակների»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել է, որ Հայաստանի «օկուպացիոն քաղաքականությունը» պաշտպանողներ ոչ միայն Եվրոպայի խորհրդում կան, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբում, որն «անիմաստ կառույցի» է վերածվել:

Հայկական կողմը Ռոբերտ Ուոլթերի զեկույցի ձախողմանը դրական գնահատական է տվել՝ տեղի ունեցածը որակելով որպես «հայկական դիվանագիտության հաղթանակ»: