ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

Եվրոպայի խորհրդի շենքը Ստրասբուրգում

Ըստ Եխ փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։

Եվրախորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնք ծառացած են երկրի առաջ։

«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», - նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Նաև նշված է, որ կանխարգելիչ միջոցների առումով՝ Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել իրավական ամուր բազա ստեղծելու, ինչպես նաև ֆինանսական համակարգը արդյունավետ դարձնելու գործում: «Ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու և կանխարգելելու համար մեխանիզմները բավականին արդյունավետ են», - նշում է Եվրոպայի խորհուրդը։

Այս գնահատականները տեղ են գտել Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցի հիմնական եզրահանգումների շարքում։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովը գնահատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կիրառվող միջոցները, դրանց դեմ տարվող պայքարը։

Զեկույցը վերլուծել է 2009 թվականից՝ վերջին գնահատման զեկույցից մինչև հիմա Հայաստանի հանձնառությունների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների պլան է առաջարկում թերությունները վերացնելու համար։

Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանը ներկայացնելու է իր զեկույցը Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ՝ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացնելու գործողությունների պլանի իր մոտեցումների մասին։