Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ի համար «փակ դռներ չկան»։ «Մենք որևէ մեկի առջև դռները չենք փակում, ոչ էլ լուսամուտներն ենք փակում», - երեկ «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց նա։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ի համար գլխավորը հանրության և Հայաստանի Հանրապետության շահն է։ «Բնականաբար, այստեղ մենք բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցության, ինչպիսի ձևաչափով կլինի՝ չեմ կարող այսօր պատասխանել, որովհետև դեռևս վերջնական որոշում չկա, երբ որ վերջնական որոշումը հանրապետության առաջնորդը ներկայացնի, այն ժամանակ ես էլ ձեզ կներկայացնեմ», - ասաց նա։
Դաշնակցությունը (ՀՅԴ), հիշեցնենք, «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ-ի առաջարկը։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ունեցել հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։
Հարցին, թե Դաշնակցության հետ հանդիպումները շարունակվո՞ւմ են, Շարմազանովը պատասխանեց. - «Անպայման չի ամեն օր լինեն, այնուամենայնիվ, և՛ մենք, և՛ Դաշնակցության մեր գործընկերները տրամադրված են, որպեսզի համագործակցություն լինի, և, ի վերջո, համագործակցությունը նաև տրամաբանական է: Ինչո՞ւ է տրամաբանական, որովհետև սովորաբար բոլորն ասում են, որ հետընտրական փուլում է առաջանում կոալիցիա կամ համագործակցություն․ դրա հետ համամիտ եմ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ևս մի ընտրական պրոցես է, Հայաստանի ապագա կառավարման ընտրության մոդել է, բնականաբար, այստեղ և՛ մեր, և՛ ՀՅԴ-ի կարծիքները համահունչ էին, ուստի բնական եմ համարում, և պետք չի զարմանալ, որ համագործակցությունը կլինի հետագայում։ Կլինի, չի լինի, ինչպիսի ձևաչափով կլինի՝ ժամանակը ցույց կտա»։