Նոր սկանդալ ռուս-ուկրաինական հարաբերություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային հավաքում, Ստավրոպոլ, 25-ը հունվարի, 2016թ.

Պուտինը վերստին համերաշխ է Ստալինի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկնաբանություններում անդրադարձել է խորհրդային անցյալին, քննադատել է ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինին, թեպետ ընդգծել է, որ համակրանք է տածում կոմունիստական գաղափարների հանդեպ։

Նրա քննադատության թիրախը սովետների ազգային քաղաքականությունն է, հանրապետություններին անկախանալու հնարավորություն ընձեռելը, որն էլ, ըստ Պուտինի, հանգեցրել է Ռուսաստանի քայքայմանը։

Սովետի կայացման տարիներին Լենինը հանրապետություններին անկախանալու իրավունք շնորհելու կողմնակից էր, իսկ Իոսիֆ Ստալինը պնդում էր, որ նախկին կայսրության ծայրամասերին ընդամենը պետք է տալ ինքնավարություն։ Այսպիսով, Պուտինը ևս մեկ հարցում է համերաշխ Ստալինի հետ։

Ստավրոպոլում հունվարի 25-ին տեղի ունեցած Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային ժողովում Պուտինի մեկնաբանություններից մեկն էլ պաշտոնական Կիևի զայրույթն է հարուցել։

«Սահմանները բացառապես կամայական սկզբունքներով էին որոշում և հաճախ անհիմն։ Օրինակ, Դոնբասը փոխանցել են Ուկրաինային սոսկ բանվոր դասակարգի տոկոսն Ուկրաինայում ավելացնելու և սոցիալական աջակցություն ստանալու համար, սա ցնդաբանություն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը Կիևում մեծ դժգոհություն է առաջացրել։ Ուկրաինան պաշտոնապես խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել Դոնբասի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի արտահայտությունը։

ՄԱԿ-ում Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ Պուտինի խոսքերը կասկածի տակ են առնում Ուկրաինայի քաղաքական անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հակասում են միջազգային հիմնարար համաձայնագրերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն։

Բացի այդ, Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նման վտանգավոր մեկնաբանություններով հանդես է գալիս Բուդապեշտի համաձայնագիրը ստորագրած պետության ղեկավարը։

1994 թվականի Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչի դիմաց Ուկրաինան հրաժարվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր տարածքում մնացած միջուկային զենքից։

«Շարունակելով Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի բռնակցումը և Դոնբասում բացահայտ ագրեսիան` Ռուսաստանը խախտում է այդ համաձայնագիրը»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։

«Մենք պարզապես մտադիր չենք որևէ կերպ արձագանքել այդ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու Ուկրաինայի նախաձեռնությանը»,- երեկ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։