Հայկական բանակը անկախության տարիներին ձեռք բերված բացառիկ արժեքներից է

Լրագրողների հետ հանդիպման եկած բոլոր մտավորականները միակարծիք էին:

«Անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց ամենակարևորը պահպանեցինք՝ ազատագրված Արցախը և ստեղծված հայոց բանակը: Չկա ավելի մեծ բան, քան այդ բանակի գոյությունը և այդ բանակին ծառայելուն նվիրվելը», - ասաց բանասիրության պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Գասպարյանը, ով տարին մի քանի անգամ, ի թիվս մտավորականության այլ ներկայացուցիչների, մասնակցում է Պաշպանության նախարարության նախաձեռնած այցերին զորամասեր, ասաց․ - «Հայրենասերի տեսակ կա, չէ՞, որ երեխաներին փախցնում է արտասահման, ինքն էլ այստեղ սպասում է մինչև պաշտոնից հանեն, ինքն էլ փախչի, բայց այդ արանքում հայրենասիրական ճառեր է ասում: Շատ կան այդպիսիները․․․ Հայրենասեր են աշխատում: Մերը, փառք Աստծո, մի քիչ այլ կերպ է եղել․ բանակում ծառայել են իմ երկու տղաները, իմ թոռը, Հայրենական պատերազմում կռվել է իմ հայրը, Վանի հերոսամարտին մասնակցել է իմ պապը»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ձևակերպմամբ՝ անկախացումից հետո շատ բան է փոխվել նաև մեր հասարակության գիտակցության մեջ․ խորհրդային տարիներին ծնողները երեխաներին ուղարկում էին անհայտություն, հիմա ծնողները հստակ գիտեն, թե ուր են գնում և ինչի համար են ծառայելու իրենց որդիները․ - «Ուղարկելուց հետո ինքը կարող է գնալ, տեսնել երեխային, զինվորների հետ ծնողների ընդհանրական հանդիպումներ են տեղի ունենում: Այսինքն՝ օտարություն չի ուղարկում, իրար հետ են: Եվ երբ որ այս գործընթացը շատ ավելի զորանա, բանակն ու ժողովուրդը միասնական մի միավոր, մի զորավոր ուժ կդառնան»:

«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան կապակցությամբ, Դավոյանն արձագանքեց․ - «Գտնում եմ, որ թույլ սպայական աշխատանքի պատճառով է դա, որ զինվորները կարողանում են մեկը մյուսին դեմ դուրս գալ կամ նույն կրտսեր սպայական կազմի մեջ․․․ Սրանք բոլորը վերացնելու անհրաժեշտություն ունենք․ բանակի բարձրագույն հրամանատարությունը համարժեք կրթական-դաստիարակչական աշխատանք է կազմակերպում, դա միանգամից չի կարող իր հարյուրտոկոսանոց արդյունքը տալ»:

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը 15-16 տարեկան է եղել, երբ գնացել է Ղարաբաղ կռվելու, բայց այդ մասին չի սիրում խոսել․ - «Սովորական տղան՝ բուհի ուսանող չի, կարդացած չի, ինչ-որ բան արած չի, գնում-հասնում ա դիրք, դառնում ա մտավորական․․․ Դիրքում կանգնել, նշանակում է երկրին տեր լինել, խաղաղությանը տեր լինել, քո ընտանիքին տեր լինել: Մեր ամեն ինչը դիրքում կանգնած զինվորն ա»: