Հայաստանը մարդու իրավունքների առումով «շատ բարդ տարածաշրջանում է»

Freedom House-ի լոգոն

Հայաստանի անփոփոխ «մասամբ ազատ երկիր» կարգավիճակը Freedom House կազմակերպությունը պայմանավորում է հիմնականում Կրեմլի ճնշմամբ և Ռուսաստանի բացասական ազդեցությամբ։ Մեկնաբանելով աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցը՝ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Freedom House-ի փոխնախագահ Արչ Փադինքթոնը։

Հիշեցնենք՝ նախօրեին Freedom House-ը հրապարակել է իր ավանդական տարեկան զեկույցը, որի հեղինակները դիտարկել են 195 երկրներում քաղաքացիական ազատությունները։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շարունակում են մնալ մասամբ ազատ։ Առաջնորդվելով 7-բալլանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենաազատն է, իսկ 7-ը՝ ամենաանազատը, Freedom House-ը Հայաստանում քաղաքական համակարգի ազատությունը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 4 միավորով: Լեռնային Ղարաբաղում գրեթե նույն պատկերն է. այնտեղ քաղաքացիական և քաղաքական ազատությունները ստացել են 5-ական միավոր։

«Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ բարդ տարածաշրջանում. Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնք ունեն իրոք շատ կոշտ ավտորիտար համակարգ՝ ինչպես, օրինակ, Ադրբեջանը կամ Ռուսաստանը», - պարզաբանում է Freedom House-ի փոխնախագահը՝ ընդգծելով, որ ժողովրդավար երկրների համար շատ բարդ է նման երկրներով շրջապատված լինելը:

Փադինքթոնը պատահական չի համարում Հայաստանի ազատ երկիր չլինելու հանգամանքը. Ռուսաստանի ճնշման արդյունքում Հայաստանը նախընտրեց ոչ թե եվրոպական, այլ Եվրասիական միությունը։

Freedom House-ի փոխնախագահի կարծիքով` Հայաստանի պես երկրի ղեկավարությունը զգում է, որ չի կարող մարտահրավեր նետել Ռուսաստանին՝ հաշվի առնելով Ուկրաինայի հետ տեղի ունեցածը։

Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին մշտապես հետևող այս կազմակերպության փոխնախագահը նշում է, որ Հայաստանն անկախությունից ի վեր համարվել է կիսաժողովրդավարական երկիր, որն ունեցել է բազմակուսակցական համակարգ, ընտրություններն անցկացվել են տարբեր կուսակցությունների մասնակցությամբ։ «Սակայն հաղթող ուժն անպայման սանձել է քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացը և սահմանափակել ազատությունները», - հավելում է Փադինքթոնը և միևնույն ժամանակ ընդգծում, որ ճնշումը նույնչափ ծայրաստիճան չէր, ինչպես, օրինակ, Ադրբեջանում, թեև բավարար էր հզոր ընդդիմության առաջացումը արգելափակելու և քաղաքական դաշտը վերահսկելու համար։

Freedom House-ի՝ նախօրեին հրապարակված զեկույցի համաձայն, ազատությունների վիճակն ավելի վատ է հարևան Ադրբեջանում, որը ոչ ազատ երկրների շարքում է. քաղաքական ազատությունները գնահատվել են վատագույն՝ 7 միավորով, իսկ քաղաքացիական ազատությունները՝ 6-ով։

Հարավային Կովկասի երրորդ երկրում՝ Վրաստանում իրավիճակն անհամեմատ բարվոք է։ Այս երկրում թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատություններն արժանացել են 3 միավորի։ Վրաստանում մամուլը ևս համարվել է կիսաազատ, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, որտեղ մամուլը, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ոչ ազատ է։