Բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի պաշտպան՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին հույս ունի շահել Ադրբեջանի կառավարության դեմ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ Այս մասին Քլունին հայտարարել է CNN հեռուստաընկերության եթերում՝ Քրիսթիան Ամանփուրի հետ զրույցում։
Իսմայիլովայի դեմ մեղադրանքներին անդրադառնալով՝ Քլունին հայտարարել է, թե լրագրողի բանտարկության իրական պատճառը Ալիևի ռեժիմի կոռուպցիայի բացահայտումներն են։
Ադրբեջանի իշխող ընտանիքի մութ գործարքները բացահայտած հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան բանտում է 2014 թվականի դեկտեմբերից։
«Խադիջային չեն մեղադրել կոռուպցիոն գործարքներ բացահայտելու մեջ, մինչդեռ նրա՝ բանտում հայտնվելու հիմնական պատճառը հենց այն է, որ նա բացահայտել է Ալիևի ռեժիմի կոռուպցիան»,- ասել է փաստաբան Քլունին՝ շարունակելով.- «Նախ նրան մեղադրեցին ինքնասպանության դրդելու մեջ, հետո մի ամբողջ շարք այլ գործեր հավաքեցին, ինչպիսին հարկերից խուսափելն է, ապօրինի ձեռնարկատիրությունը և այլ երևակայական մեղադրանքներ»։
Իսմայիլովայի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանելու մտադրության մասին հայտնի փաստաբանը հայտարարել էր անցած շաբաթ, ինչին Ադրբեջանն արձագանքել է բավական կոշտ։ Լիբանանյան ծագում ունեցող հայտնի իրավաբանին հռչակելով հայուհի՝ Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրեց, թե Քլունին, ով իբր «հայտնի է իր թուրքաֆոբ հայացքներով», Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով։ Չնայած այս մեղադրանքներին՝ 7.5 տարվա ազատազրկման դատապարտված Իսմայիլովան բանտից հայտարարեց, թե ընդունում է Քլունիի առաջարկը նրա խիզախության համար, որը իրավաբանը դրսևորել էր 2014 թվականին՝ պաշտպանելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Մուհամմադ Ֆագմիին, երբ նա Եգիպտոսում բանտարկված էր։
Ի դեպ, Քլունին CNN-ի լոնդոնյան տաղավար էր եկել իր պաշտպանյալներից մեկի՝ Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի հետ, ով հայրենիքում 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ սուտ վկայության, դատական որոշումները չկատարելու հոդվածներով։ Ամալ Քլունիի մասնակցությամբ փաստաբանական խմբի ջանքերի շնորհիվ միջազգային արդարադատությունը վճռեց, որ Նաշիդի դեմ մեղադրանքներն ու նրան ազատազրկելը ապօրինի են։
«Ես միայն վերջերս եմ ներգրավվել Իսմայիլովայի գործում: Մենք պատրաստվում ենք գործը վիճարկել Ստրասբուրգի դատարանում։ Եթե մենք հաղթենք, և Ադրբեջանի կառավարությունը չկատարի դատարանի վճիռը, ապա կսկսվի մեկ այլ ճակատամարտ։ Բայց մենք հուսով ենք, որ կհաղթենք, Ադրբեջանի կառավարությունը կհետևի դատարանի որոշմանը, և Իսմայիլովան ազատ կարձակվի»,- ասել է Քլունին։