Վերջին օրերի ընթացքում երկրում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ իրավիճակը կայուն է, փոխանցում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը, ասված է հաղորդագրությունում։
«Այսպիսով, հունվարի 26-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը` մինչև 18 տարեկան), իսկ 85-ը` թոքաբորբով (37-ը` մինչև 18 տարեկան)», - փոխանցում է առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը նշում է, որ շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: «Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում», -ասված է հաղորդագրությունում։