Պաշտոնական տվյալներով 2.5 միլիոն չափահաս քաղաքացի ունեցող Հայաստանում անցած տարի Դատական ակտերի հարկադիր ծառայությունը (ԴԱՀԿ) մոտ մեկ միլիոն կալանքի ակտ է հարուցել՝ բռնագանձելով շուրջ 50 միլիոն դոլար։ Ընդ որում, չնայած կառույցի անվանմանը, 70 տոկոսի դեպքում կալանքի որոշումը կայացվել է առանց դատարանի որոշման։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ շարքային քաղաքացին չունենա խնդիր։ Մենք մեր գործառույթն ենք իրականացնում, պետք չէ ԴԱՀԿ ծառայությանը դիտարկել որպես ֆաշիստական կառույց։ Գոյություն ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենք, և այդ օրենքով առաջնորդվելով՝ Հարկադիր կատարման ծառայությունը իր լիազորություններն է իրականացրել։ Չեմ կարծում, որ դա մարդու իրավունքների խախտում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ծառայության պետ Միհրան Պողոսյանը։
Դավիթ Խաժակյանը Հարկադիրի թիրախում հայտնված հազարավոր քաղաքացիներից մեկն է. մեքենան կարմիր գծում կայանելու համար զրկվել է անգամ թոշակը ստանալու հնարավորությունից՝ առանց դատարանի որոշման։
«Կարմիր գծի ակտը 5000 դրամ էր, որի ծանուցումը ես չեմ ստացել, ԴԱՀԿ-ն իր կողմից ավելացրել է 2500 դրամ միջնորդավճար, բայց անհասկանալի է՝ եթե 7500 դրամ ես պետք է մուծեի, ինչո՞ւ է դա բոլոր հաշիվներիս վրա տարածվել»,- տարակուսում է Խաժակյանը։
«893 հազար գործի մեջ հնարավոր է լինի 1-2 կամ 10 դեպք... եթե զանգահարվում է և կոնկրետ հարցադրում ուղղվում է ծառայությանը, դա նույն օրն է լուծվում։ Ամեն օր ինձ զեկուցվում է»,- դժգոհություններին ի պատասխան հայտարարեց Միհրան Պողոսյանը։
Դավիթ Խաժակյանը հակադարձում է.- «ԴԱՀԿ-ին ուղարկված նամակիս մինչ այսօր որևէ պատասխան չեմ ստացել, անցել է 3 ամիս, այդ նամակը ես պատվիրված կերպով ուղարկել եմ, և կարելի է ասել, որ էդ խնդիրը առկախված է, հաշիվներն էլ կալանքի տակ են»։
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակասահմանադրական է որակում առանց դատարանի որոշման մարդուն սեփականությունից զրկելը.- «Քաղաքացին պետք է ցանկացած վարչական մարմնից՝ լինի դա ոստիկանություն, կամ հարկադիր ծառայություն, ունենա լսվելու հնարավորություն, որից հետո նոր կայացվի համապատասխան վարչական ակտը»։
Սահմանադրական փոփոխություններին աջակցած դաշնակցականը վստահեցնում է՝ եթե իշխանությունները խնդրին ընթացք չտան, իրենք հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։
«Ոչ միայն ես, շատերը կզբաղվեն այդ հարցով։ Բայց ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ և հետևողական եմ լինելու այդ հարցում»,- խոստացավ Մինասյանը։
ԴԱՀԿ ծառայության պետը նույնպես ծանոթ է նոր Սահմանադրության պահանջին, սակայն գտել է այս անհապապատասխանությունը հեշտությամբ լուծելու տարբերակը. ընդամենը պետք է իր ղեկավարած կառույցի անունը փոխել։
«Մենք կատարում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունները։ Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք կտեսնենք, և ես կարծում եմ՝ և՛ մեր ծառայության անունը կփոխվի, և՛ որոշակի մոտեցումներ կփոխվեն։ Հիմա մենք նախաձեռնում ենք, որ [վերանվանվի ] Հարկադիր կատարման ծառայություն»,- ասաց Պողոսյանը։
Թեև կառույցի անվանման կամ գործառույթների փոփոխության վերաբերյալ ոչ ԱԺ-ում, և ոչ էլ կառավարությունում որոշում դեռ չի եղել, այսօր ԴԱՀԿ-ի շենքում փակցված մի քանի պաստառների ու անգամ կառույցը խորհրդանշող զինանշանի վրա արդեն իսկ բացակայում էր «Դատական ակտերի» բառակապացությունը։
Մինչ Միհրան Պողոսյանը հպարտությամբ թվարկում էր ծառայության ձեռքբերումները, հարյուրավոր քաղաքացիներ սպասում էին վճարման կամ կալանքի որոշումը բողոքարկելու հերթին։
Ի դեպ, բյուջեից աշխատավարձ ստացող ԴԱՀԿ-ի աշխատակիցները, որպես խրախուսանք, ամեն մի բռնագանձումից նվազագույնը 1250 դրամ պարգևավճար են ստանում։ Ըստ պաշտոնական տվյալների, անցած տարի այդպիսի ակտերի թիվը գերազանցել է 750 հազարը։ Միհրան Պողոսյանը չի թաքցնում՝ հաճույքով է գալիս աշխատանքի.- «Ես ամեն օր վազելով եմ աշխատանքի գալիս և հաճույքով եմ աշխատանքի գալիս։ Եվ ես կարծում եմ, որ գոնե էդ հարցը՝ «դուք՝ որպես պետական ծառայող, հոգնա՞ծ եք», երևի թե ինձանից պետք է հեռու տանել»։