«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի», - այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը` անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ բանակցությունները ընթանում են ռուսական կողմի ներկայացրած կարգավորման նոր սկզբունքների շուրջ:
«Լավրովի կամ որևէ այլ անձի անունը կրող փաստաթուղթ գոյություն չունի: Գոյություն ունեն [ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող] մի շարք փաստաթղթեր, դրանք կարծեմ չորսն են, հինգը թե վեցը` այժմ ես չեմ կարող հստակ մտաբերել: Այդ փաստաթղթերը համանախագահները նախապատրաստել էին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր փուլերում, երբ խոսք կար այն մասին, որ որպես առաջին քայլ հարկավոր է մշակել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթը, ապա նաև այդ սկզբունքների հիման վրա մշակել խաղաղ համաձայնագիրը, որն էլ արդեն իրավաբանորեն պարտավորեցնող, այլ ոչ թե զուտ քաղաքական բնույթ կունենար», - ասաց Սերգեյ Լավրովը՝ շարունակելով․ - «Հենց այդ փաստաթուղթն է, որ 2007-ից 2010-11 թվականները ընկած ժամանակահատվածում որոշակի ձևափոխումների ենթարկվեց: Այդ փաստաթղթի տարբեր վարկածները փոխանցվել են ԵԱՀԿ-ի նախագահին և այժմ էլ գտնվում են այդ կազմակերպության չհրկիզվող պահարաններում: Դրանք են միակ թղթերը, որոնք կարելի է փաստաթուղթ անվանել»:
Հիշեցնենք, որ Լավրովի փաստաթղթի կամ առաջարկի մասին խոսակցությունները սկսվեցին անցած տարվա աշնանը, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան այցերի ընթացքում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ է ներկայացրել: «Այդ առաջարկները ընդգրկում են այն պայմանավորվածությունները, որ նախագահները ձեռք բերեցին 2014 թվականին Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ և որոնց հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին: Նորացված Մադրիդյան սկզբունքների վեց կետերը հանրությանը հայտնի են` Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված տարածքներից, ինչպես նաև այլ հարցեր», - նոյեմբերի 27-ին հայտարարում էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, դեկտեմբերի վերջին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լավրովի ներկայացրած առաջարկների մասին լուրերին, նշում էր․ - «Մենք որևէ պաշտոնական նման փաստաթուղթ չենք ստացել»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այսօր նշում էր, որ պաշտոնական Մոսկվան իր ջանքերը հիմնականում կենտրոնացնում է այն հարցերի վրա, որոնց շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը դեռ չեն եկել վերջնական համաձայնության:
«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են այն սկզբունքի հիման վրա, որի համաձայն՝ «Որևէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ»: Ռուսական կողմը դեռ 2010 թվականից սկսած, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը, ջանքեր էր գործադրում, որպեսզի հանգուցալուծվեն այն խնդիրները, որոնց շուրջ կողմերը դեռ չեն հանգել համաձայնության: Դա օգտակար էր, մենք որոշ հարցերում կարողացանք առաջընթաց արձանագրել: Կազանում 2011 հունիսին կայացած բանակցությունների ժամանակ, սպասելիքներին հակառակ, կողմերը չկարողացան հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալ, ինչի արդյունքում բավական տևական դադար եղավ: Այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում, նա հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և երեք նախագահների հանձնարարությամբ մենք վերսկսեցինք լուծմանն ուղղված քայլերի փնտրտուքը: Նման լուծումներ այժմ մենք որոնում ենք գաղափարների, բարձաձայնված մտքերի մակարդակում: Որևէ այլ փաստաթուղթ` ԵԱՀԿ-ում պահ տրվածներից բացի, գոյություն չունի: Մնացած ամենը պարզապես փնտրտուք է», - հայտարարում էր Լավրովը: