Պետությունն այլևս իր վրա չի վերցնում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում՝ խոզի գրիպով այն հիվանդների բուժման ծախսերը, որոնք դիմել են հունվարի 20-ից հետո։ Առողջապահության նախարարության հիմնավորմամբ՝ նման որոշում է կայացվել, քանի որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում։
Հիվանդներից շատերը, սակայն, նախապես տեղյակ չեն եղել, որ ստիպված են լինելու վճարել։ Րաֆֆի Սայադյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մի քանի օր բուժվել է ու տուն գնացել, ապա լաբորատորիայի ուշացած պատասխանից տեղեկացել, որ H1N1-ով է հիվանդ։ 60-ամյա գործազուրկ տղամարդը հիվանդանոց է վերադարձել բուժումը շարունակելու համար, ու այսօր միայն տեղեկացել, որ պարտավոր է վճարել։
«Փաստի առաջ են կանգնեցնում։ Եվ երբ ես ուզում եմ դուրս գրվել, այս պահին դուրս գրված չեմ, ադմինիստրացիան հրավիրում է ինձ՝ բա դուք պիտի վճարեք 80 հազար, ասում եմ՝ ինչո՞ւ, որովհետև դուք գնացել եք հիվանդանոցից, վերադարձել եք, ասում եմ՝ դա ի՞նչ ա նշանակում, հերիք չի ես տառապել եմ էդ հիվանդությունով, դուք նախապես ինձ չեք ասում, ես նույնիսկ տեղյակ չեմ սակագներից։ Եթե պետպատվեր չկա, ուրեմն էպիդեմիային վե՞րջ հանրապետությունում, էդ դեպքում ինչո՞ւ դպրոցները հետաձգվեցին մինչև փետրվարի 1-ը և այլն և այլն»,- հարցնում է նա։
Նույն կարծիքը նաև մյուս հիվանդների հարազատներն էին հայտնում։ «Ինչո՞ւ պիտի վճարովի լինի ամսի 20-ից հետո։ Հարց ա ծագում՝ նահանջե՞ց հիվանդությունը, ո՞ւր է անցել է, հլը մի հատ նայեք էլի, անցա՞ծ է»։
Ֆերարների ընտանիքը Ուկրաինայից է Հայաստան տեղափոխվել երկու ամիս առաջ։ Պատերազմից փախանք, սակայն ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցինք, ասում է դուստրը՝ Մարիան։
«Օրական 100 դոլար են պահանջում, մենք այդքան գումար չունենք, մայրիկս հիվանդ է, երեխաներս հիվանդ են, չգիտենք ինչ անել։ Ասում են՝ եթե չվճարեք, դուրս կշպրտենք հիվանդանոցից»,- պատմեց Մարիան։
Առողջապահության նախարարության հավաստմամբ, անվճար կբուժվեն միայն երեխաները, հաշմանդամություն ունեցող ու սոցիալապես անապահով հիվանդները։ Մեզ ահազանգած քաղաքացիներից Ալիսա Պետրոսյանը, մինչդեռ, պնդեց՝ անվճար բուժման ուղեգիրը ձեռքներին դիմել են, սակայն «Մուրացան» հիվանդանոցն ու Համալսարանական թիվ 1 հիվանդանոցը մերժել են ծանր վիճակում գտնվող հորն ընդունել։
«Չգիտենք ինչն է պատճառը, տեղ չունենք, ասում են, չեն ընդունում, բայց ուղեգիր ձեռքներումս կա, պետպատվեր տրված է, սոցիալապես անապահով ընտանիք է, ասում է՝ ամսի 20-ից հետո հրաման չկա, պետք է վճարովի լինի՝ օրը 20 հազար, բայց ի վիճակի չենք, եթե ի վիճակի լինեինք օրը 20 հազար վճարելու, հենա էդ օգնությունը ցույց կտային, ուղեգրի էլ չէինք դիմի։ Շաքարային դիաբետով հիվանդ է, ճնշումը բարձր, էլ դրանից առավել ի՞նչ է իրենց պետք... որ մահանա հետո ասեն՝ սենց-նենց, որտե՞ղ ա օրենքը բա»,- հուզված պատմեց Պետրոսյանը։
Հանրապետության հիվանդանոցներում այսօր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 հիվանդ կա։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է շուրջ 15 տոկոսով։ Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, մինչդեռ, չի բացառում, որ հիվանդացության նոր փուլ կարող է սկսվել։
«Մեզ շրջապատող երկրներում բավական լուրջ է վիճակը, ես ուզում եմ նշել դա։ Շատ ինտենսիվ այս հիվանդությունը սկսում է աճել Ռուսաստանում, իսկ ամենամեծ շփումը մեզ մոտ Ռուսաստանի հետ է, չի բացառվում, որ էնտեղից հիվանդներ կգան, նոր ալիք լինի, բայց որ շատ մեծ քանակ կունենանք, ես կասկածում եմ դրանում»,- ասաց գլխավոր վարակաբանը։