Դատախազությունը բողոքարկելու է Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու մասին որոշումը

Բժիշկ Շուշանիկ Բախշյանը:

Դատախազությունը մտադիր է բողոքարկել անցած տարի մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի բժիշկ Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունն անօրինական համարելու և նրան ազատ արձակելու մասին դատարանի որոշումը։

Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ կասկածվող բժշկի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, մինչդեռ, պնդում է, թե քննիչը Բախշյանին ձերբակալել էր առանց հիմնավոր պատճառների․ - «Ձերբակալումը ունի մի նպատակ՝ փախուստը կանխելու նպատակ։ Հիմա հարց. իրո՞ք էդ վտանգը քննիչը ուներ, որ Շուշանիկ Բախշյանը կփախչի՞։ Չուներ»։

Փաստաբանները պնդում են, որ դատարանի շենքում Շուշանիկ Բախշյանն ուշագնաց է եղել։ Շտապ օգնություն են կանչել և նրան տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց։ Թե ինչու են ուշագնաց եղած բժշկին տեղափոխել հենց ինֆեկցիոն հիվանդանոց, Ալեքսանդր Սիրունյանը չի հստակեցնում՝ չթաքցնելով, որ մինչ դատարանի շենքում սպասում էին, որ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակեն, դատարան է եկել գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Այժմ հիվանդանոցում պնդում են, թե Շուշանիկ Բախշյանի բարձր ջերմությունն արդեն երեք օր չի իջնում։

«Խոզի գրիպ․ սա է շրջանառվում», - փոխանցեց փաստաբանը:

Նրա խոսքով, Շուշանիկ Բախշյանը հիվանդացել է ձերբակալվածներին պահելու վայրում։

Մինչդեռ անցած տարի քրոջն ու նրա նորածին դստերը կորցրած Մարտին Մարգարյանը իրադարձությունների այս զարգացման մեջ միտում է տեսնում․ - «Սա մեծ բեմականացում էր, որ կազմակերպված էր բոլորի կողմից... թե՛ Շուշանիկի, թե՛ Ասոյանի, թե՛ դատավորի, թե՛ փաստաբանի»:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին՝ քանի դեռ հիվանդանոցում պնդում են, թե կասկածվող բժշկի վիճակը բավարար չէ, չեն կարող նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն իրականացնել, այդ թվում՝ մեղադրանք առաջադրել։

Շաբաթ օրը Քննչական կոմիտեն փորձաքննության եզրակացությունից մանրամասներ էր հրապարակել: Ըստ այդմ՝ Մերի Մարգարյանին ջերմության առկայության պայմաններում չհոսպիտալացնելը հիմնավորված չի եղել: «Եթե 35 շաբաթական հղի կնոջ կեսարյան հատումը շուտ կատարվեր, նրա և նորածնի փրկվելու հավանականությունը մեծ կլիներ», - եզրակացրել են փորձագետները։

Բժշկի փաստաբանները, սակայն, պնդում են, թե սա հիմք չէ իրենց պաշտպանյալին ձերբակալելու կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար․ - «Մեղավորը պիտի պատժվի խստագույնս։ Բայց մենք ի՞նչ ենք տեսնում: Ես ավելի բանական կհամարեի, որ ձերբակալեին բոլորին, ով առնչվել է առաջին օրվանից՝ Շուշանիկին էլ այդ թվում: Գոնե կհասկանայինք, որ օբյեկտիվություն են ուզում պարզել։ Ո՞նց, էդ ամբողջ ցեպոչկայի վերջում գտնվողի՞ն եք ձերբակալում»:

Փաստաբանը խուսափեց մանրամասնել, թե ուրիշ ովքեր են այդ շղթայի մեջ, և ովքեր կարող էին մեղավոր լինել հղի կնոջ մահվան համար։

Կես տարի առաջ մահացած 35 շաբաթական հղի կնոջ հարազատները, վստահ լինելով Շուշանիկ Բախշյանի մեղավորության մեջ, նշում են, որ ամեն ինչ անելու են ինչպես նրա, այնպես էլ դեպքին առնչված մյուս բժիշկներին անպատիժ չթողնելու համար։

Իսկ Բախշյանի փաստաբանները այլ կարծիքի են․ - «Եթե մարդ դատվեց էս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու»: