Բնապահպանները կասկածի տակ են առնում Արարատի մարզում ինքնահոս ոռոգման ցանց կառուցելու ծրագրի արդյունավետությունը

Բնապահպաններն ու Գառնիի բնակիչները շարունակում են պնդել, որ Ազատ գետի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգման ցանց կառուցելու 10 միլիոն դոլարանոց ծրագրից ոչ թե Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղ, այլ միայն Նարեկ գյուղն է շահելու, որտեղ խոշոր հողատարածքներ ունի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ծրագրով նախատեսված է գետից վայրկյանում 950 լիտր ջուր հասցնել Արարատի մարզ։ Նարեկի գյուղապետ Գարուշ Հակոբյանը հաստատեց, որ դրա հիմնական մասը՝ 750 լիտրը իրենց գյուղ են տանելու, բայց` ոչ միայն վարչապետի հողերը ոռոգելու համար։

«Ունի [Հովիկ Աբրահամյանը], բայց ես ավելի շատ հող ունեմ՝ 70 հեկտար: Իրավունք չունե՞մ ունենալու... Պիտի շնորհակալություն հայտնենք, որ իրանք եկել են, այդ հողերը մշակում են, հարկ են տալի, ձեզ են կերակրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը:

Չնայած կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծին, գառնեցիներից շատերը չեն դադարեցնում բողոքները:

Իսկ ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկը (ՀԲ) ցանկանում է համոզվել, որ այն շահեկան է, և արդյունքում իսկապես տարեկան տնտեսվելու է մեկ միլիոն դոլար։

Այսօր Երևանում ՀԲ-ի պահանջով արդեն 10-րդ հանրային քննարկումն անցկացվեց:

Բնապահպան Լևոն Գալստյանը կրկին կասկածի տակ դրեց Հայհիդրոմետի հաշվարկները, թե գետը 7 ամիսների ջրառից վնաս չի կրի․ - «Այդ տվյալների հիման վրա վերցնել 10 միլիոն դոլար վարկ ու հետո ասել՝ վայ, ծրագիրը չաշխատեց․․․ Ուրեմն դուք ստիպված եք լինելու կա՛մ գետի ջուրը ամբողջովին՝ էկոլոգիական թողքը չապահովելով, օգտագործել այդ համակարգը, կա՛մ էլ պետք է ստիպված չօգտագործեք: Դուրս կգա, որ անիմաստ ծախս է»:

Նախագծի բնապահպանական հարցերի պատասխանատու Մարտիրոս Նալբանդյանը չի հերքում, որ սակավաջուր տարիներին խնդիր կունենան: Անցած օգոստոսին իրենց կատարած չափումներն էլ դա են հաստատել․ - «Բայց այս ռիսկերը նախագծում հաշվի են առնված, և դա է պատճառը, որ նախատեսվում է լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արարատի մարզի նշված համայնքներում»:

Լրացուցիչ այդ ծրագրերի համար Համաշխարհային բանկից ակնկալվող 10 միլիոն դոլարը չի բավականացնի․ նոր միջոցներ են նախատեսում։

Բնապահպաններն առաջարկում են այս ծախսերի փոխարեն էներգիայի այլընտրանքային միջոցներ ստեղծել՝ նշված հողատարածքները ոռոգող պոմպակայանը գործարկելու համար։

«Եթե դուք ունեք հաշվարկներ, որ նման ներդրմամբ կարելի է ապահովել նման տնտեսական էֆեկտ, մենք պատրաստ ենք դա քննարկել, թեև դա մեր ոլորտը չէ», - արձագանքեց Նալբանդյանը:

Ի դեպ, ծրագրին կողմնակից Արարատի մարզի բնակիչները քննարկմանը հասել էին գառնեցիներից մեկուկես ժամ շուտ: Հանդիպել էին պատասխանատուներին, հարցեր տվել, պատասխաններ ստացել, վերջում ծափահարել ու ողջունել։ Պատրաստվում էին արդեն հեռանալ, երբ տեղ հասան նաև ընդդիմադիր կողմի ներկայացուցիչները: Մտքերի փոխանակությունը րոպեներ տևեց, կրքերը շուտով բորբոքվեցին։

Ի վերջո, կողմերը հեռացան՝ առանց համաձայնության գալու։