Բամբակաշատցիները դեռ չեն ստացել հանձնած խաղողի գումարը

Նրանց խոստացել էին վճարել դեկտեմբերին, իսկ հիմա հորդորում են սպասել ևս երեք ամիս:

Մինչդեռ բանկերը, որոնցից Արմավիրի մարզի այդ գյուղի խաղողագործները վարկեր են վերցրել, չեն սպասում:

Սարգիս Մանուկյանը 3 տոննա խաղող է հանձնել Պռոշյանի գինու գործարան: Սպասում էր, որ ամանորին այդ գումարը կստանա, հիմա, սակայն, գործարանը երկընտրանքի առջև է կանգնեցրել գյուղացուն․ կա՛մ պիտի սպասի մինչև մարտ ամիսը, կա՛մ, եթե ուզում է այսօր ստանալ, պետք է հրաժարվի հասանելիք գումարի մի մասից․ - «Զանգ ենք տվել էնտեղ, ասել են՝ եթե հիմի եք ուզում ստանաք՝ 20 դրամ պակաս: 140 ա, 120 դրամով կարաք ստանաք»:

«Չհասկացա, կառավարություն չկա՞, գյուղնախարարություն չկա՞․․․ Հըլնում են շատ մեծ բաներ են խոսում, բա ո՞ւր ա դրանց խոսակցությունը ստեղ մենք չենք տեսնում», - վրդովված միջամտեց մեկ այլ բամբակաշատցի՝ շարունակելով․ - «Էս գումարը եթե չտան, մենք ուրիշ եկամուտ չունենք: Բաղ պտի բացենք, պարարտանյութի պետք ա տանք, ցորենի պետք ա տանք․․․ Ե՞րբ պտի տան: Մայիսին որ տան, էլ ի՞նչ անենք: Բաղն էլ կփչանա, ցորենն էլ կփչանա, էլի սենց սոված կմնանք»:

Թեև գյուղամիջում հավաքվածներից շատերն էին բողոքում, սակայն, տեսախցիկի առջև խոսել քչերն էին պատրաստ: Մտավախություն ունեին, որ եթե բողոքեն, հաջորդ տարի գործարանները ընդհանրապես չեն ընդունի բերքը:

Գյուղապետարանում արդեն ցուցակագրել են բանկերից վարկ վերցրած խաղողագործներին, մարզպետը խոստացել է այդ ցուցակով կառավարություն գնալ՝ պարտքերի մարման ժամկետը սառեցնելու կամ հորդորելու գործարաններին, որ գումարը ժամանակին տան:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը պնդում է, թե Ռուսաստանում չիրացվող ու Հայաստանի մառաններում մնացած գինուց կարելի է անգամ բենզին ստանալ, և եթե կառավարությունն այժմ քայլեր ձեռնարկի, կարող է օգուտներ քաղել թե՛ իր, թե՛ գյուղացու համար:

«Այս 30, 40, 50 հազար տոննա խաղողը պետական պատվերի միջոցով կարելի է իջեցնել գործարաններին, իրենք թորեն սպիրտ, սպիրտը պահեստավորվի նույնպես պետական պատվերի շրջանակներում որևէ մի տեղ: Սա վալյուտա է, սա ոսկի է, որ կարելի է անընդհատ վաճառել: Գալիս ենք հաջորդ քայլին․ պետությունը պետք է փորձի սուբսիդավորել գյուղացիների վարկերի տոկոսների մի մասը: Եվ ևս մի շատ կարևոր հարց․ պետությունը պետք է փորձի ստանալ խաղողից բենզին՝ սկզբից դարձնում են սպիրտ, սպիտը մշակում են, որպեսզի այրվի, և դառնում է վառելիք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը: