Իրանցի գործարարը պատրաստ է Հայաստան էժան բենզին ներկրել

CPS-ի բենզալցակայանը Երևանում, արխիվ

Արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող իրանցի գործարար Արիշա Մոնջեզին ցանկացել է Հայաստան բենզին ներկրել, բայց գնորդ չի կարողացել գտնել, մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները, նրա խոսքով, խորհուրդ են տվել չխառնվել այս բիզնեսին։

«Դե, Հայաստանի գործերը դուք ավելի լավ գիտեք։ Պատասխանը սենց է եղել, որ ավելի լավ է չխառնվենք բենզինի գործին»,- պատմեց նա։

Արդեն 10 տարի Հայաստանում բնակվող գործարարը հայերեն է սովորել, հայաստանյան բիզնեսի յուրահատկություններն էլ է յուրացրել։ Նրա հաշվարկներով՝ բենզինը մինչև հայ-իրանական սահման լիտրը 200 դրամ կարժենա, իսկ սահմանից էլ Երևան հասցնելը և հարկերը մուծելը՝ ամենաշատը 300 դրամ։

Չնայած համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը՝ Հայաստանում բենզինի գները գրեթե չեն փոխվել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի խոսնակ Գայանե Սահակյանը պնդում է՝ պատճառը այն է, որ մեր երկրում նավթի արժեքը բենզինի գնի միայն 10 տոկոսն է կազմում։

«Մենք եթե նայում ենք՝ կոնկրետ նավթի գինը իջել է միջազգային շուկայում X տոկոսով, նույնիսկ X տոկոսը, բնականաբար, չի կարող ազդել բենզինի գների վրա»,- ասաց Սահակյանը։

Մեկ շաբաթ առաջ խնդրին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշել էր, որ բենզինի գների նվազմանը չեն նպաստում տրանսպորտային ծախսերը և հարկային քաղաքականությունը։ Շաբոյանի խոսնակը տեղեկացրեց, որ այժմ բենզինի շուկան երկու ընկերությունների միջև է բաժանված՝ «Ֆլեշ» և «Սի Փի Էս»։

Հայաստան բենզին է ներկրվում Ռուսաստանից, դրանով զբաղվում է «Ռոսնեֆտ»-ը։

Ֆինանսական շուկաների մասնագետ Նորայր Մովսիսյանի խոսքով՝ ռուսական այդ ընկերությունը թելադրում է իր պայմանները, գներն էլ վերանայելու խնդիր չունի, քանի որ մրցակից չկա։ Նա օրինակ բերեց հարևան Վրաստանը, որը նույնպես բենզին ներկրող երկիր է, բայց այստեղ բենզինը մեկ լիտրը 140 դրամով ավելի էժան է, քան Հայաստանում։ Վրաստանի հետ սահմանամերձ շատ բնակավայրերից Հայաստանի քաղաքացիները մեքենան լիցքավորելու համար Վրաստան են գնում։

«Մեր հարևան Վրաստանում, որտեղ նույնպես տրանսպորտային ծախսերով է բերվում, ի դեպ, բերվում է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև եվրոպական երկրներից, այս օրերին Վրաստանում 250 դրամին համարժեք գումար արժե մեկ լիտր բենզինը»,- ասաց Մովսիսյանը։

Ռուսաստանում, օրինակ, ըստ նրա՝ հիմա բենզինն արժե 200 դրամ։ Մովսիսյանի հաշվարկներով՝ այժմ «Ռոսնեֆտ»-ը Հայաստանում մոտ 90 դրամ գերշահույթ է ստանում, բայց հայկական կողմը հարկային քաղաքականության մասին հայտարարություններով փորձում է արդարացնել ռուսական ընկերությանը։

«Ամբողջ խոսակցությունը էստեղ տեղափոխվում է քաղաքական դաշտ։ Իմ կարծիքով՝ ամենաօպտիմալ և մրցակցային գինը կլիներ նորմալ շուկայի պայմաններում մինչև 300 հայկական դրամի սահմաններում»,- ասաց ֆինանսական շուկաների մասնագետը։

ՏՄՊՊՀ-ում պնդում են, որ համաշխարհային շուկայում գների փոփոխությանը հետևում են, վերահսկողություն են իրականացնում։ Թե որքանով են արդարացված բենզինի ներկայիս գները, կտեղեկացնեն որոշ ժամանակ հետո։