Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Հայաստանի կառավարությունն ու դատական ատյանները խախտել են ն 82-ամյա կնոջ սեփականության իրավունքը, և 3000 եվրո փոխհատուցում է նախատեսել բարոյական վնասի համար։
90-ական թվականներին Վարյա Սաֆարյանը օրինականացրել ու սեփականության վկայական է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի կոչվող շուկայի հարևանությամբ, ունեցած ավելի քան 800 քառակուսի մետր տարածքի համար։ Ցանկացել է սեփականությունը բաժանել չորս երեխաների միջև, սակայն պատկան մարմինները մերժել են ժառանգների անունով գրանցել՝ պատճառաբանելով, թե տարածքը գերակա շահ է ճանաչված, կառուցապատման ծրագիր կա ու դրա նկատմամբ որևէ գործարք չեն իրականացնում։
Փոքր բիզնես սկսած հարազատներով առևտրին հետևելու փոխարեն դատարանից դատարան են գնացել ու փորձել համոզել, որ դա իրենց իրավունքն է:
Այս անհաջողությունից հետո տիկին Վարյան իր զավակների օգնությամբ փորձել է օրինականացնել նաև սեփական տարածքում, սեփական ուժերով բիզնեսի նպատակով կառուցված շինությունը։ Դա էլ չեն հաջողել:
«Տասնհինգ վարույթ ենք ունեցել, որից երեքը՝ վճռաբեկ», - պատմում է 82-ամյա կինը:
Դժվարություններ կրած կինը պատմում է, թե ինչպես են 16 հոգով տարիներ շարունակ նեղ ու անհարմար տարածքի մեջ ապրել, ինչպես են քարը քարի վրա դրել՝ ապրելակերպը փոքր-ինչ բարելավելու համար։ Սակայն իշխանություններից որևէ աջակցություն չեն ստացել։ Մեծ գերդաստանի անդամներից մի քանիսը հուսահատ հեռացել են ու այսօր օտարության մեջ են։
«Իրենք ասում են՝ մենք հզոր մարդիկ ենք, օրենքից վերև մենք ենք կանգնած․․․ Իրենց թվում է, թե իրենք ունակ են ամեն ինչ անելու»:
Երևանի սրտում գտնվող այս տարածքն ավելի քան 10 տարի առաջ է իրացման գոտի ճանաչվել: Շատերի տները քանդվել են, սակայն մինչև օրս որևէ կառուցապատում այստեղ չի կատարվել։ Սնանկացման եզրին գտնվող «Գլենդել Հիլզ» ընկերությունն այդպես էլ չի կատարել իր պարտավորությունները տարածքի բնակիչների նկատմամբ։
Եվրոպական դատարանում հաղթանակած Վարյա Սաֆարյանն իր ավելի քան 800 քառակուսի մետր տարածքի համար որևէ խելամիտ առաջարկ չի ստացել ու, տեսնելով տուժած հարևանների օրինակը, որոշել է՝ չի լքի իր տարածքը․ - «Ասել եմ՝ երբ որ բանալին կտաս կամ փողը կտաս, էն վախտ ես դուս կգամ: Ու էլ գնացել են ու չեն եկել: Բայց իմ սաղ հարևաններինը քանդել են․․․ 700 դոլար փող են տվել էն քանդածներին»:
Վարյա Սաֆարյանի շահերը Եվրոպական դատարանում պաշտպանած փաստաբան Հայկ Ալումյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Հայաստանի կառավարության դեմ Եվրոպական դատարանի վճիռների տարափ կլինի, որոնց մեծ մասը՝ հենց սեփականության իրավունքի խախտումների պատճառով․ - «Եվ հույս ունեմ, որ յուրաքանչյուր վճռի արդյունքում մեր դատական համակարգը փոքր-ինչ կառողջանա»:
Եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ ևս երկու որոշում է կայացրել և հայցվորների խախտված իրավունքների համար 3600-ական եվրո փոխհատուցում սահմանել։