Առողջապահության նախարարությունն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները՝ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածման գործում լայնածավալ շփումների կանխարգելիչ մեծ նշանակությունը։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկել է կայունացման միտումը պահպանելու նպատակով ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները»,- ասված է նախարարության հայտարարությունում։

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով` իրավիճակը կայունացման միտում ունի։ Արձանագրվում է դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։