Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահին

Լուսանկարը՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության

Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ հանդիպել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։

«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել», - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է Էսհաղ Ջահանգիրին։

Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ։ «Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը», - ասել է Ջահանգիրին:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն: