Օզբիլիսը տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ»

Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ուրախությամբ է արձագանքել տրանսֆերին:

Մոսկվայի «Սպարտակ»-ի մարզաշապիկը կրող հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը ի վերջո տեղափոխվեց թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբ: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը այսուհետ կրելու է սև-սպիտակների մարզաշապիկը:

Օզբիլիսը այսօր մեկնել է Ստամբուլ՝ իր նոր ակումբի հետ պայմանագիր կնքելու համար: «Բեշիքթաշ»-ը պատրաստվում է ծնունդով պոլսահայ ֆուտբոլիստի հետ 4․5 տարվա պայմանագիր ստորագրել:

Օզբիլիսի տրանսֆերին ուրախությամբ է արձագանքել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում ողջունել և հաջողություն է մաղթել հայազգի ֆուտբոլիստին:

«Ինձ շատ ուրախացրեց հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի «Բեշիքթաշ» տեղափոխվելու լուրը: Անկասկած, սպորտն ու սպորտային մրցակցությունը կարևոր դեր են խաղում հասարակությունների` միմյանց ճանաչելու, հասկանալու և եղբայրական կապերը ամրապնդելու հարցում․․․ Հաջողություն եմ մաղթում սիրելի Արաս Օզբիլիսին և «Բեշիքթաշ»-ին․․․ Սիրելի Արաս, բարի գալուստ քո հայրենի հող, քո տուն»,- գրել է Սելինա Դողանը` հույս հայտնելով, որ Օզբիլիսի տրանսֆերը կնպաստի «հայ և թուրք հասարակությունների եղբայրական կապերի ամրապնդմանը»:

«Բեշիքթաշ»-ը համարվում է Թուրքիայի հայության կողմից ամենասիրված ֆուտբոլային ակումբը: «Բեշիքթաշ»-ի երկրպագուների բանակի` նշանավոր «Չարշը» խմբի հիմնադիրներից է հայազգի Ալեն Մարգարյանը: