Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Նոր Արեշի 2-րդ պոլիկլինիկան կիսաքանդ, վաղուց լքված շենք է հիշեցնում, պատուհանների մեծ մասը ապակի չունի, եղածներն էլ պոլիէթիլենային թաղանթներով են պատված: Առաստաղից հոսող անձրևաջրերից միջանցքների պատերը փլուզվել, ճաք էին տվել, զուգարաններ հնարավոր չէր մտնել, հիվանդները ստիպված էին ցուրտ ու մութ միջանցքներում սպասել:
Դեռևս խորհրդային տարիներից մնացած և ավելի քան 30 տարի չհիմնանորոգված այս շենքում ամեն ամիս տասնյակ նորածիններ են պատվաստվում: Այս պոլիկլինիկայից օգտվող Գայանե Բաբախանյանը ստիպված համացանցում էր հրապարակել բուժհաստատության անմխիթար վիճակը նկարագրող լուսանկարներ։
«Էդտեղ տանում ենք մենք նորածին երեխաներին՝ 40 օրական երեխաներին պատվաստման։ Որ ձյուն էր եկել, ձյունն էր հալվում էնտեղ։ Էնտեղ, որտեղ պատվաստում են երեխաներին, խոնավ, ջուրը չռռում է, դույլեր են դրված։ Որոշեցի նկարել, գցել «Ֆեյսբուք», որ բոլորը տեսնեն, թե ինչ վիճակ է մանկական պոլիկլինիկայում»,- ասաց Բաբախանյանը։
Պոլիկլինիկայի տնօրեն Ասյա Սեդրակյանն ասաց՝ շենքը հիմնանորոգելու հարցով մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին, քաղաքային իշխանությունները նախ խոստացել այս տարի խնդրին անդրադառնալ, հետո այդ ժամկետը հասցրել են մինչև 2017 թվական։
Բժիշկներից ոմանք էլ չնկարահանվելու պայմանով ասացին, թե մի քանի բաժանմունքների վարիչներ ստիպված սեփական միջոցներով են նորոգել աշխատասենյակները: Երբ հարցազրույց խնդրեցինք, տնօրենը նախ մատնացույց արեց թերապևտիկ բաժանմունքի ղեկավար Մարինե Պետրոսյանին. զրույցը սկսելուց կարճ ժամանակ անց, սակայն, նրան դուրս հրավիրեց, հետո էլ վերադարձավ ու հայտարարեց՝ մինչև քաղաքապետարանից թույլ չտան, իրենք չեն խոսի։
Թե երբ է նախատեսվում Նոր Արեշի 2-րդ պոլիկլինիկայի հիմնանորոգումը և թե մայրաքաղաքում հիմնանորոգման կամ նորոգման կարիք ունեցող քանի պոլիկլինիկա կա ու որքան գումար է անհրաժեշտ դրա համար, քաղաքապետարան ուղարկված մեր այս հարցման պատասխանն օրվա ավարտին այդպես էլ չստացանք: Մինչ այդ, սակայն, պոլիկլինիկայի ծառայություններից օգտվող քաղաքացիներից մեկը նկատեց՝ քաղաքապետարանը տոնածառի վրա միլիոններ ծախսելու փոխարեն կարող էր նախ այսպիսի խնդիրներ լուծել։
«Եթե ժողովրդի մասին էսքան պիտի մտածեն, թող սենց մտածեն, ինչ ասեմ, բայց լավ կլինի, որ առաջին հերթին սենց բաների մասին մտածեն, ոչ թե տոնածառի ու եսիմինչերի»,- ասաց քաղաքացին։