Նախագահ Սերժ Սարգսյանը Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու հարցը իր ղեկավարած Հանրապետական կուսակցության հետ չի քննարկել: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, թե հանրապետականները նաև ներկա չեն եղել Դաշնակցության հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանն ու քննարկմանը:
«Դա եղել է առանձնազրույց, որին մենք մասնակցություն չենք ունեցել, և Հանրապետական խմբակցությունում որևէ քննարկում չի եղել կոալիցիայի հետ կապված։ Դրանք սիրողական մակարդակի խոսակցություններ են եղել»,- ասաց Բաղդասարյանը։
Հարցին՝ նորմա՞լ է համարում, որ կուսակցության ղեկավարը այդ կարևոր խնդրի շուրջ տեղյակ չի պահել ՀՀԿ-ի խորհրդին, գործադիր մարմնին, և վերջիններս ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանից են տեղեկանում կոալիցիա կազմելու առաջարկի մասին, Բաղդասարյանը պատասխանեց.- «Ո՛չ, մենք տեղյակ ենք եղել դեռ վաղուց, որ որևէ մեկ անգամ մենք չենք խուսափում բանակցություններից, և հնարավոր ենք համարել, որ կլինի նման առանձնազրույց, իսկ առանձնազրույցից հետո գործադիր մարմնի նիստի ժամանակ արդեն տեղյակ կլինենք մանրամասներին»։
Թեև Վահրամ Բաղդասարյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի և Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի առանձնազրույցին, սակայն վստահեցնում է՝ պորտֆելների հարցը նրանք դեռևս չեն քննարակել: Ըստ մամուլի՝ Դաշնակցությունը ցանկանում է երկու նախարարի և երկու մարզպետի պաշտոն վերցնել:
«Հավատացնում եմ, որ նման քննարկումներ չեն ծավալվել, չի եղել նաև առանձնազրույցի ժամանակ։ Եթե դեռ որոշված չէ կոալիցիա կազմելու ժամկետը, կամ կոալիցիա պետք է կազմվի, թե՝ ոչ, ի՞նչ պորտֆելների մասին կարող է խոսք լինել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Դաշնակցությունը երեք անգամ կոալիցիա է կազմել Հանրապետականի հետ, բայց մշտապես հայտարարել է, թե իր ներկայացվածությունը կառավարության կազմում այնքան փոքր է, որ ավանդական կուսակցությունն ի վիճակի չէ արմատական փոփոխություններ իրականացնել երկրում: Արձագանքելով «Ազատության» այն հարցին, թե հնարավո՞ր է այս անգամ Դաշնակցությունը լուրջ ներկայացվածություն ունենա կոալիցիոն կառավարության կազմում, Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե Դաշնակցությունը ինքն էլ արդեն գիտակցում է՝ պորտֆելներով հարց չեն լուծի:
«Գաղափարներով պետք է փոխվի։ Եթե գալիս են մարդիկ պորտֆելներ վերցնելու, որպեսզի գնան առաջ, կա ընտրական ճանապարհ, այսինքն 2017 թվականի ընտրությունների ժամանակ պետք է համապատասխան ձայները հավաքեն, կազմեն մեծամասնություն և գնան, իրենք վերցնեն պորտֆելները, միանձնյա իրենց իշխանությունը տանեն առաջ»,- ասաց Բաղդասարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է կոալիցիա կազմելու առաջարկ արվի նաև երբեմնի գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ին, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց, թե իրենք ոչ թե Դաշնակցությանն են կոնկրետ առաջարկ արել, այլ ողջ քաղաքական դաշտին, պարզապես արձագանքել է Դաշնակցությունը: «Մենք ընդհանուր քաղաքական դաշտին հայտարարություն արել ենք դեռ վաղուց, որ մենք դեմ չենք որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններին, համագործակցությանը, որոնք որ կկիսեն մեր գաղափարները և պատասխանատվությունը։ Մենք պատրաստ ենք այդ քաղաքական ուժերի հետ համագործակցել»։
«Եթե ԲՀԿ-ն ցանկություն հայտնի, նրան կընդգրկե՞ք կոալիցիայում». այս հարցին էլ Բաղդասարյանը պատասխանեց, թե ցանկությունը դեռ քիչ է.- «Ցանկություններից հետո պետք է բանակցություններ ընթանան։ Ի՞նչ է՝ ձեզ թվում է, որ արդեն Դաշնակցության հետ ամեն ինչ ավարտվա՞ծ է։ Առաջարկը արվել է բոլորին, արձագանքել է Դաշնակցությունը»։
Բաղդասարյանը ընդգծում է՝ կոալիցիա կազմելու շուրջ քննարկումների ժամանակ որևէ կողմ չի լինելու թելադրող և չեն լինելու նախապայմաններ: Նկատենք, մինչդեռ, Դաշնակցությունը բազմիցս է հայտարարել է, թե կոալիցիա կկազմի Հանրապետականի հետ, եթե կատարվեն իր 7 սկզբունքային կետերը: Դրանցից մի մասին սահմանադրական փոփոխություններով կարելի է ասել անդրադարձ կատարվել է, սակայն առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ անկատար։ Խոսքը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչի մասին է: Հենց հայ-թուրքական արձանագրությունների պատճառով ավանդական կուսակցությունը 2009-ին դուրս եկավ կոալիցիայից:
Իշխող Հանրապետականն ընդգծում է՝ Դաշնակցության վերոհիշյալ կետերը այդ կուսակցության խնդիրն են: «Ես խնդրում եմ բոլոր 7 կետերը դրեք մի կողմ, դրանք իրենք պետք է որոշեն, թե ոնց են կատարում, մենք նախապայմաններով առաջ չենք շարժվում և չենք քննարկում այդ 7 կետերը»։
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ իրենց պահանջներից չեն հրաժարվել: 7 սկզբունքային կետերի կարևոր մասը Սահմանադրության փոփոխությամբ իրագործված են։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանք, ըստ էության, արժեք չունեն, ասաց Մարգարյանը. նաև իրենց պայքարի շնորհիվ այսօր այդ արձանագրությունների վերաբերյալ կան Սահմանադրական դատարանի վերապահումները, նախագահի բազմաթիվ ելույթները և ամենակարևորը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, որն, ըստ էության, մերժում և հերքում է արձանագրությունները:
Ինչ վերաբերում է ձևական մասին, այսինքն՝ արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետկանչին, ապա Մարգարյանն ասաց.- «Մենք բանակցությունների դեռ սկզբնական փուլում ենք, և բնականաբար, եթե մեր կոալիցիայի [վերաբերյալ] ինչ-որ հայտարարություն պետք է արվի, այդտեղ նաև անդրադառնալու ենք այդ պահանջին։ Այդպես որ մենք չենք նահանջել մեր պահանջից։ Մենք բանակցության մեջ ենք, ես հրապարակավ ոչ մի արտահայտություն չեմ անի, ասում եմ, որ մեր պահանջից չենք հրաժարվել»։