Պետբյուջեից տրամադրվող գումարը «մեկ լավ ֆիլմի համար է»

«Ազատություն»-ը զրուցել է «+Կինո» ամսագրի հիմնադիր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ:

Նրա ձևակերպմամբ՝ ամսագրի հիմնական նպատակը «երիտասարդ և հին սերնդի մշակույթի գործիչների միջև կապ ստեղծել է»:

Ամսագրի խմբագրակազմի համար ամենաուրախալին այն է, ըստ Ռոբերտ Մաթոսյանի, որ նկարազարդ, գունագեղ, մոտ 90 էջանոց ամսագիրը նաև երիտասարդներն են սիրով ընթերցում:

Նշենք, որ ամսագիրը չի վաճառվում, խմբագրությունն այն անվճար տրամադրում է բոլոր ցանկացողներին:

Հարցին, թե ինչ է այսօր անհրաժեշտ հայ կինոյի զարգացման համար, շուրջ 50 տարի հայ կինոյին նվիրած Մաթոսյանը պատասխանեց․ - «Կինոն արտադրություն է․ և՛ գրիչ է պահանջում, և՛ կամերա է պահանջում․․․ Հիմնական խնդիրներից մեկը, իմ կարծիքով, ֆինանսավորումն է: Բայց ֆինանսավորումը դեռ խնդիր չի լուծում: Կարող է մեծ գումար լինի, բայց սցենարիստ, ռեժիսոր, դերակատարներ․․․ այս համատեքստում հնարավոր է, որ ոչինչ էլ չստացվի»:

Մեր օրերում կինոգործիչները գերադասում են հեղինակային կինո ստեղծել՝ ֆիլմի հեղինակը հաճախ և՛ սցենարիստ է, և՛ ռեժիսոր, և՛ դերասան, անգամ՝ ֆիլմի երաժշտության հեղինակ: Այս առնչությամբ Մաթոսյանն ասաց․ - «Մեր տունը քանդողը այսօր հեղինակային կինո ասվածն է․․․ Օրինակ, Փարաջանովը, ում նկարիչ ընդհանրապես պետք չէր... Ստեփան Անդրանիկյանը «Նռան գույնի» բեմադրող նկարիչն էր»:

Դիտարկմանը, որ ունենք ժամանակակից երիտասարդ գրողներ, որոնք կկարողանային սցենարներ գրել, նա արձագանքեց․ - «Կարող են: Եթե չկարողանան էլ, գրողների գործերի հիման վրա կարելի է: Շատ հեշտ չի սցենարը․․․ Առաջինը պրոֆեսիոնալ դրամատուրգիայի խնդիրն է, կինոսցենարիստի խնդիրն է: Երկրորդը, իհարկե, վճարման խնդիրը»:

Մաթոսյանի կարծիքով, պետբյուջեից կինոյին տրամադրվող գումարը, որով նկարահանվում են շուրջ մեկ տասնյակ ֆիլմեր, «մեկ լավ ֆիլմի համար է»․ - «Բայց մենք պիտի այնպես անենք, որ այդ մեկ լավ ֆիլմը պրոֆեսիոնալ մարդիկ նկարեն»:

Անցյալ տարի պետությանը վերադարձվեց դեռ 10 տարի առաջ սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիան, բայց առայժմ այն չի գործում:

Հարցին, թե ինչ է լինելու խորհրդային տարիներին հարուստ պատմություն ստեղծած, 130 հեկտար տարածք ունեցող այդ կինոստուդիայի ճակատագիրը, արդյո՞ք պետությունն իր միջոցներով կարող է հիմնանորոգել ու գործարկել այն, Ռոբերտ Մաթոսյանը պատասխանեց․ - «Վերականգնելու հնարավորություն իսկապես չունի պետությունը, բայց հարկավոր է գտնել կինոարվեստը սիրող, կինոարվեստը գնահատող մարդիկ ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, որպեսզի պետության հետ միասին հովանավորեն մեր ստուդիան»: