Հունվարի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով կայանալիք հերթական դատական նիստին Ավետիսյանների հարազատները կմասնակցեն: Այսօր այս մասին ասացին հենց իրենք՝ նշելով, որ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո որոշել են առայժմ չբոյկոտել նիստը:
«Իրավաբանների հետ խոսալուց հետո մտածեցինք, որ առանց մեզ իրավունք ունեն դատը շարունակելու, անկախ էն բանից՝ մենք կմասնակցենք, թե չէ: Իսկ դա մեզ բոլորովին ձեռք չի տալիս: Իրանց էլ հենց դա է պետք, որ ամեն ինչը տակնթաղ անեն, փակեն էրթա գործը: Ինչքանո՞վ է ճիշտ, որ էսքան պայքարելուց հետո ես իմ հարազատիս դատին չմասնակցեմ: Բայց, բոլոր դեպքերում, մեր փաստաբանները միջնորդությունը կներկայացնեն, մենք կգնանք բազա․․․»,- ասաց այսօր Գյումրիում բողոքի ցույցի դուրս եկած՝ Ավետիսյանների հարազատներից մեկը:
Նրանք, այդուհանդերձ, ընդգծեցին՝ բոյկոտի որոշումն ուժի մեջ է մնում և ցանկացած պահի կարող են իրագործել այն, եթե պայմաններն իրենց չբավարարեն: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին, երբ դեռ իրենք դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու միջնորդություն չեն ներկայացրել, նպատակահարմար չէր բոյկոտել դատական նիստը: Բայց նա չբացառեց, որ հետագայում Ավետիսյանների հարազատները կգնան այդ քայլին:
Միջնորդությունը կներկայացվի առաջիկա երկուշաբթի: Դրա արդյունքից էլ կախված կլինի, թե առաջիկայում ինչ քայլերի կդիմեն Ավետիսյանների հարազատները: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, բոյկոտից հրաժարվելու որոշումը ճիշտ էր․ «Դա ուղղակի կզրկեր ճշմարտությունը բացահայտելու վերջին շանսից»,- ասաց Բարսեղյանը:
Մինչդեռ ակտիվիստ Կարեն Պետրոսյանը հակառակ կարծիքի է: «Եթե իրենք կասկածում են դատարանի անաչառության վրա, ուրեմն՝ ներկա լինեն չլինեն, նույն արդյունքն է լինելու: Մինչդեռ բոյկոտը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ՝ բարոյական, հոգեբանական․․․ ոչ միայն դատական պրոցեսի վրա, այլ նաև գյումրեցիների մտահոգության և տրամադրության վրա»,- ասաց Պետրոսյանը:
Ավետիսյանների հարազատների հիմնական պահանջը հանցագործության լիարժեք բացահայտումն է և ցայժմ անպատասխան հետևյալ հարցի պարզաբանումը՝ ինչու հենց Ավետիսյանների ընտանիքը սպանդի ենթարկվեց: