Արդեն 6-րդ անգամ անցկացվող այդ փառատոնը նախաձեռնել են Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական-մշակութային կենտրոնը և Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:
«Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ այս տարի կինոփառատոնը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հիմնադրման մեկամյակին: Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա հունվարի 12-ը, երբ Երևանում բացվեց Ճապոնիայի դեսպանության շենքը, դեսպանի նստավայրը Մոսկվան էր:
Այս տարվա փառատոնը նաև թեմատիկ է․ ներկայացվելու են վերջին տարիներին ճապոնացի երիտասարդ կինոռեժիսորների կողմից նկարահանված՝ ճապոնուհիների խնդիրներին, պրոբլեմներին նվիրված ֆիլմեր:
«Կանանց վերաբերող բոլոր տեսակի հարցերը, խնդիրները՝ հոգեբանական, սոցիալական, ընտանեկան․ սա է թեման: Բոլոր ֆիլմերը 2005-ից հետո նկարահանված ֆիլմեր են, ժամանակակից ֆիլմեր են այսօրվա մասին, այսօրվա կնոջ խնդիրների մասին: Եվ շատ համամարդկային խնդիրներ են բարձրացված ֆիլմերում», - ներկայացրեց Փիլիպոսյանը:
Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերից երկուսի ռեժիսորները վաղը կժամանեն Երևան: Հունվարի 16-ից հետո նրանց հետ հանդիպումներ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում իրենց հեղինակած կինոֆիլմերի ցուցադրությունից հետո, և հայ հանդիսատեսը, արվեստասերներն ու կինոգետները հնարավորություն կունենան նրանց հարցեր ուղղելու, նրանց հետ քննարկելու կինոարվեստին նվիրված ամենատարբեր խնդիրներ:
Իսկ վաղը «Հիկարի» կենտրոնում նախատեսված է ճապոնացի կինոռեժիսորների հանդիպումը հայ կինոգործիչների հետ: Հանդիպմանը Ճապոնիայից ժամանած ռեժիսորների համար կցուցադրվեն հայ կին ռեժիսորների ֆիլմերը:
Նշենք, որ 10 տարուց ի վեր կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի նախաձեռնությամբ Հայաստանի կինոգործիչների միությունը անցկացնում է հայ կին ռեժիսորների ֆիլմերի ամենամյա փառատոն:
«Գուցե հետագայում ինչ-որ համագործակցության հիմքեր դրվեն, հնարավոր լինի համագործակցության այլ ձևեր գտնել, որովհետև ճապոնական կինոինդուստրիան ամենազարգացածներից մեկն է աշխարհում: Միայն գեղեցիկ ու հաճելի հեռանկարներ են սպասվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը:
Ճապոնական կինոփառատոնը կբացվի «Տոկիոյի անհաջողակները» ֆիլմի ցուցադրությամբ: Այս անգամ ճապոնական ֆիմերի ցուցադրությունը կուղեկցվի անգլերեն և ոչ թե ռուսերեն սուբտիտրերով: Կարինե Փիլիպոսյանի փոխանցմամբ, անցյալ տարի ճապոնացիները հարցումներ էին անցկացրել փառատոնի հանդիսատեսի շրջանակներում և պարզել, որ հայ հանդիսատեսը բոլորովին դեմ չէ անգլերենին: