Ստացված պարզաբանումից հետո Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում

Ռուս Ուղղափառ եկեղեցու հայտարարությունը, մինչդեռ, մինչև այս պահը տեղադրված չէ ո՛չ Ռուս Ուղղափառ եկեղեցու, ո՛չ էլ Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջերում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Համայն Ռուսիո պատրիարքի սկանդալային հայտարարության վերաբերյալ պատրիարքարանի հրապարակած պարզաբանումից հետո պաշտոնական Երևանը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չի տեսնում:

Սուրբծննդյան հարցազրույցում պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել, ինչից հետո՝ երեկ երեկոյան լրատվամիջոցներով տարածվեց պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը մինչև այս պահը տեղադրված չէ ո՛չ Ռուս Ուղղափառ եկեղեցու, ո՛չ էլ Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական կայքէջերում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը դա տարօրինակ չի համարում․ - «Երբեք լրատվամիջոցներին տրվող պարզաբանումները կամ կոմենտարները չեն տեղադրվում պաշտոնական կայքէջերում: Առավել ևս, որ պարզաբանումը տրվել է ի պատասխան Մայր Աթոռի կատարած հարցման»:

Ռուս Ուղղափառ եկեղեցուց ստացված պարզաբանման մեջ նշվում է, որ իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով մնում է անփոփոխ է: Որպես օրինակ բերվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու կարևոր իրադարձություններին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Տեր Վահրամը շեշտեց, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին մշտապես զորակցել է Ցեղասպանության ճանաչման հարցում՝ հավելելով, որ Մոսկվայից ստացված պատասխանում ամեն ինչ ասված է, և Հայ Առաքելական եկեղեցին ավելացնելու ոչինչ չունի․ - «Մի բան հստակ է, որ պետք չէ ավելորդ տեղը քաղաքականացնել այս ամենը: Որովհետև միմիայն մի արտահայտությամբ, որը նաև կոնտեքստից դուրս է հանվում, դատել ամբողջ եկեղեցու դիրքորոշման մասին, կարծում եմ, տեղին չէ: Առավել ևս, որ այդ եկեղեցու դիրքորոշումը տարբեր առիթներով և տարբեր կերպերով մշտապես արտահայտվել է, և զորակցություն ցուցաբերվել է թե՛ հայ ժողովրդին, թե՛ հայ եկեղեցուն և թե՛ մեր հայրենիքին»:

ՀՅ Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատրիարքարանի պարզաբանման մեջ անդրադարձ կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, բայց ոչ պատրիարք Կիրիլի հնչեցրած հայտարարությանը․ - «Պարզաբանումը գոհացնում է այնքանով, որ հարցականի տակ չի դնում Ցեղասպանությունը: Բայց իր նախկին ասածը հակառակն է այդ Ցեղասպանության ճանաչման: Հստակեցում չկա, որ ինչու ասել էր այն, ինչ ասել էր: Հայտարարության վերաբերյալ մասը իրենք սրբագրեցին, բայց մնաց արձանագրված, որ ինքը պատմությունը խեղաթյուրեց»:

Ըստ Մանոյանի, հարցեր է առաջացնում նաև այն, որ պարզաբանումն ուղարկվել է միայն հայաստանյան լրատվամիջոցներին և պաշտոնապես դեռ չի հրապարակվել․ - «Հարցականներ է բարձրացնում, թե ինչու ընդհանուրին չեն ուղարկել»:

Մանոյանի կարծիքով, կարելի է ենթադրել, թե որն է եղել պատրիարք Կիրիլի հայտարարության նպատակը․ - «Դա իրենց կողմից իսլամը սիրաշահելու, իսլամը արդարացնելու քաղաքականություն է, որը ինչու պետք է իրենք այս ձևով անեն՝ անհասկանալի է: Բայց դա փաստ է, որ պատմությունը խեղաթյուրվել է, և ըստ այդմ էլ պետք է վերաբերվենք դրան»:

Արտգործնախարարության նախկին մամուլի խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին «զարմացնում է հայկական որոշ քաղաքական շրջանակների արձագանքը»․ - «Որովհետև մեզ առաջին հերթին պետք է հետաքրքրի ոչ թե անձերի հայտարարությունը, այլ ինստիտուտների վերաբերմունքը: Իսկ մենք ի՞նչ ունեցանք արդյունքում: Արդյունքում Ռուս Ուղղափառ եկեղեցին վերահաստատեց նախկինում հնչեցված մոտեցումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թեև այդ հայտարարությունը, որ պատրիարք Կիրիլը արել էր, ես համարում եմ անհաջող, բայց առաջին հերթին ես կցանկանայի, որ մենք ուշադրություն դարձնենք այն պարզաբանումներին, որ հնչեցին այդ հայտարարությունից հետո»:

Իշխող Հանրապետական կուսակցությունից հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: