Ունեզրկված գործարարը դժգոհ է դատաքննության ընթացքից

Գործարար Փայլակ Հայրապետյանը

Անցած տարվա հունիսից մեկնարկել է դատաքննութունը, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչև օրս չի հարցաքննվել, թեև տուժող Փայլակ Հայրապետյանը նաև նրան է մեղադրել իր ունեզրկման համար:

Գրեթե երեքուկես տարի է անցել, ինչ Հայաստանի իրավապահ մարմինները սկսել են քննել հայտնի «օֆշորային գործը»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայրապետյանը պնդեց, թե Հայաստանի իրավապահ, դատական մարմինները անցած տարիների ընթացքում այդպես էլ չեն պարզել՝ արդյոք կիպրոսյան օֆշորում գրանցված Wlispera Holdings Limited ընկերության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանո՞ւմ են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին են, թե՞ ոչ:

«33 հատոր․․․ քննություն ա կատարվել, Տիգրան Սարգսյանը ոչ մի անգամ չի քննվել: Ես չեմ կասկածում [որ նախկին վարչապետն առնչություն ունի գործին], ես տեսնում եմ փաստացի: Կասկածանքը մի բան է, բայց դակումենտն էլ՝ մի ուրիշ բան: Հիմա ես չեմ կասկածում, ես տեսնում եմ, որ ինքը գործի մեջ ա», - հավելեց Հայրապետյանը:

Նախկին վարչապետը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքել են իրենց առնչությունը օֆշորային սկանդալին՝ հայտարարելով, թե Կիպրոսում կամ այլուր որևէ օֆշորային ընկերություն չեն հիմնադրել և չեն լիազորել որևէ մեկին` հիմնել նման ընկերություն իրենց անունից:

«Մինչև օրս Հայաստանի Հանրապետության ո՛չ արտաքին գործերի նախարարը, ո՛չ դատախազությունը․․․ դիմում են իբր Կիպրոսի Հանրապետություն, հանրապետությունը մեզ չի տալիս այս երեքի ստորագրությունը․ արդյոք իրենց ստորագրությունը ճի՞շտ է, թե՞ սխալ․․․ Եթե իրանք չեն տալիս, թող իրանք ստեղից ստորագրությունները ուղարկեն Կիպրոս: Հանրապետություն ա, լաբորատորիա ունեն, ամեն ինչ ունեն․․․ սա մի րոպեյվա գործ ա: Մենք չենք կարողանում, մեր պետությունը չի պատում ուժը այդ հարցը լուծի: Ես դիմել եմ նախագահին, դիմել եմ դատախազին, դիմել եմ վարչապետին, որ ի վերջո մենք պիտի ճշտենք՝ արդյո՞ք նրանց ստորագրությունը ճիշտ է, թե սխալ», - ասաց Փայլակ Հայրապետյանը:

Հայաստանի օրենսդրության համաձայն, Գլխավոր դատախազությունն է իրավասու Կիպրոսից պահանջել նշված փաստաթղթերը: Գրեթե մեկ տարի առաջ «Ազատությունը» հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչու չեն կարողանում Կիպրոսից ստանալ բնօրինակները: Պատասխան չի ստացվել, հարցումն այսօր կրկնեցինք:

«Դրա համար պետական օրենք գոյություն ունի», - պնդեց Հայրապետյանը․ - «Եթե քսան միլիոն դրամից ավել Հայաստանի Հանրապետությունից տեղաշարժ է կատարվում, պետք է իմանան անվտանգության բոլոր մարմինները․․․ Հայաստանը փոքր երկիր, տասը միլիոն դոլար դուրս է եկել, ոչ մեկը տեղյակ չէ: Ոչ մի տեղից մենք ինֆորմացիա չենք կարողանում ստանալ: Ի՞նչն է պատճառը: Եթե պետք է, թող ինձ կանչի հանրապետության նախագահը, ասի՝ ձեն մի հանի, լավ ա եղել, ինչ որ արել՝ արել ա․․․ Կամ ինքը, սրանցից մեկը կասի՝ Հայրապետյան, ինչ որ եղել ա, եղել ա»:

Ըստ գործարարի, անգամ եթե նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը տեղյակ չեն եղել, որ իրենց անունով օֆշորային ընկերություն է բացվել, նրանք վստահաբար տեղյակ են եղել, որ այդ ընկերության հաշվեհամարով խոշոր գումար է տեղաշարժվել, որովհետև հիմնադրման ժամանակ գրանցվել են նրանց անձնական տվյալները՝ սկսած տան հասցեից: Ուստի Սարգսյանն ու Կճոյանը, ըստ Հայրապետյանի, պարբերաբար պետք է ստանային հաշվետվություններ, ինչպես որևէ բանկում հաշվեհամար ունեցող յուրաքանչյուր անձ:

Փայլակ Հայրապետյանը, հիշեցնենք, բազմիցս հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավ է դրել «Ամերիաբանկ»-ում, որը այն գնահատել է ընդամենը 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Սակայն վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: