ՀՀ դեսպանը՝ ՄԱԿ-ի երեք գործակալության Գործադիր խորհրդի նախագահ

Զոհրաբ Մնացականյան, արխիվ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը երեկ ընտրվել է կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն է տվել Մնացականյանի թեկնածությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից տրված մանդատի համաձայն` Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք գործակալություններին միջկառավարական աջակցության տրամադրումն ու գործունեության ընդհանուր վերահսկողության իրականացումը: Խորհրդի պարբերական նստաշրջանները գումարվում են տարեկան երեք անգամ, դրանց ընթացքում Խորհրդի կողմից քննարկվում և որոշումներ են կայացվում օրակարգային հարցերի շուրջ` տարբեր երկրներում գործակալությունների ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով:

«2016 թվականը Գործադիր խորհրդի և գործակալությունների համար առանցքային տարի է լինելու զարգացման նոր օրակարգի իրականացման առումով. մեկնարկելու են միջազգային հանրության կողմից ամիսներ առաջ ընդունված կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները: Առաջիկա տարին հատկանշական է նաև գործակալությունների Ռազմավարական ծրագրերի միջնաժամկետ վերանայման, ինչպես նաև ՄԱԿ զարգացման համակարգի արդյունավետության գնահատմանն ուղղված անդամ-երկրների հիմնական քաղաքական գործիքի` Քաղաքականության քառամյա համապարփակ դիտարկման գործընթացի տեսանկյունից՝ ի թիվս այլ կարևոր օրակարգային հարցերի», - իր խոսքում ասել է Զոհրաբ Մնացականյանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհուրդը, որին Հայաստանն անդամակցում է 2014 թվականից, 2015-ի հունիսին հաստատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Բնակչության հիմնադրամի հայաստանյան նոր ծրագրերը (2016-2020թթ.), ասված է Հայաստանի արտգործնախարարության տեղեկանքում: