Իսպանիայի արքայադստերը սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում

Իսպանիայի արքայադուստր Քրիստինա, արխիվ

Քրիստինան առաջինն է թագավորական ընտանիքից, ով հայտնվել է դատարանի առջև:

Երեկ Պալմա դե Մայորկա քաղաքում մեկնարկել է Իսպանիայի 50-ամյա արքայադստեր՝ Ֆիլիպ 6-րդ թագավորի քրոջ դատավարությունը: Քրիստինան առաջինն է թագավորական ընտանիքից, ով հայտնվել է դատարանի առջև։ Արքայադուստրը 17 այլ ամբաստանյալների շարքում մեղադրվում է խարդախության մեջ:

Ամբաստանյալի կարգավիճակում է նաև արքայադստեր ամուսինը` ձեռքի գնդակի Իսպանիայի հավաքականի նախկին ներկայացուցիչ, օլիմպիական խաղերին մասնակցած Ինյակի Ուրդանգարինը: Նա մի քանի նստարան հեռու է տեղավորվել, քանի որ, ըստ իսպանական օրենսդրության, ամբաստանյալ ամուսինը դատարանի դահլիճում չի կարող նստել կնոջ կողքին:

Դատավորը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Գլխավոր հանցանքը վերագրվում է արքայադստեր ամուսնուն` Ինյակի Ուրդանգարինին, նա մեղադրվում է իր սպորտային Noos Institute ոչ առևտրային կազմակերպությունն օգտագործելով՝ օրենքին հակասող պայմաններով տեղական իշխանությունների հետ 6 միլիոն եվրոյի չափով ֆինանսական պայմանագրեր կնքելու և դրանցից շահույթ ստանալու մեջ:

Փեսան, ըստ մեղադրանքի, չարաշահել է թագավորական ընտանիքի հետ իր առնչությունը, օֆշորում գրանցված ընկերությունների շնորհիվ տիրացել խոշոր չափերի գումարների:

Մեղադրականի մեջ նշված է, որ արքայադուստրը և ամուսինը ֆինանսական մուտքերն օգտագործել են ընտանեկան արարողությունների, մասնավորապես՝ երեխաների ծննդյան տարեդարձերի կազմակերպման համար:

Եթե ապացուցվի մեղադրանքը, թագավորական ընտանիքի փեսային սպառնում է 19.5 տարվա, իսկ արքայադստերը՝ 4-8 տարվա ազատազրկում:

Ամուսնական զույգը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ի դեպ, արքայադուստր Քրիստինան Noos Institute հիմնադրամի խորհրդի անդամ է և ամուսնու հետ ղեկավարել է Aizoon ընկերությունը, որն էլ, ըստ մեղադրանքի, օգտագործել են փողերի լվացման համար:

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Իսպանիայի արքայադուստրը դատարանում ասել է, որ պատկերացում անգամ չի ունեցել, թե ամուսինը կարող էր որևէ հանցագործություն կատարել։ Մինչդեռ, մեղադրական եզրակացությունում նշված է, որ արքայադուստրը «լուռ համաձայնություն է դրսևորել ամուսնու խարդախությունների կապակցությամբ, քանի որ բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում էր նրան»:

Թագավորական ընտանիքի ներկայացուցչի դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2010 թվականից՝ Բալեարյան կղզիներում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում:

2011 թվականից Քրիստինան և ամուսինը չէին մասնակցում թագավորական արարողություններին, արքայադուստրը, սակայն, պահպանում է թագաժառանգի կարգավիճակը:

Անցյալ տարի հորը՝ Խուան Կարլոսին փոխարինած Իսպանիայի ներկայիս թագավորը՝ Ֆիլիպ 6-րդը քրոջը զրկել է դքսուհու կարգավիճակից: Քրիստինան, այդուհանդերձ, 6-րդն է թագաժառանգների շարքում: