Հայկական կողմը պատասխան գործողությունների կդիմի. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է՝ սահմանային իրավիճակի լարումը և Ղարաբաղում հայ զինծառայողի սպանությունը անպատասխան չի մնալու։

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց, որ իրավիճակի լարման համար ադրբեջանական կողմն է մեղավոր, և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը նույնպես Բաքվի վրա է։

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հակառակորդի զսպման որոշակի գործողություններ, դրանք կանխարգելիչ և պատասխան գործողությունների մի ամբողջություն են, որոնք շատ դեպքերում չեմ կարող բացել։ Դրանց հետևանքները այն կորուստներն են, որ հակառակորդը տարվա ընթացքում ունենում է», - ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ տոնական օրերին սահմանում իրավիճակը բավականին կայունացել էր, սակայն վերջին օրերին Ադրբեջանը կրկին սկսել է սրել իրավիճակը։ Երեկ էլ հաղորդվեց այս տարվա առաջին զոհի մասին․ հակառակորդի արձակած կրակոցից զոհվեց 1996 թվականին ծնված Արամայիս Ոսկանյանը։

«Այս պահի դրությամբ որոշակի աստիճանի լարվածությունը պահպանվում է, բայց ընդհանուր առմամբ, համեմատած մինչամանորյա լարվածության հետ, թույլ է», - նշեց ՊՆ-ի խոսնակը։

Զինվորի հոգեհանգիստն այսօր էր՝ Գավառում։ Այնտեղ էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ կրակոցները չեն դադարել նաև այս գիշեր։ Հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 500 կրակոց։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը լարվածությունը բարձրացնում է նաև Հայաստանի սահմաններին, վերջին օրերին գնդակոծվել է նաև Տավուշը. - «Այո, ունեցել ենք մի քանի կրակոցներ գյուղերի ուղղությամբ, բայց հիմնականում հրաձգային փոքր զենքերից։ Նշանակալի վնասներ ու կորուստներ չենք ունեցել»։

Խորհրդարանի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով՝ իրավիճակը լարելու պատճառը Ադրբեջանի ներքին խնդիրներն են։ Տնտեսական վատ վիճակից և կրոնական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, ըստ պատգամավորի, Ալիևը սահմանային իրավիճակն է լարում․ - «Ցավոք, Ադրբեջանը որևէ այլ բան չի զարգացրել մինչև հիմա՝ բացի նրանից, որ ցանկացած ներքին խնդրին անդրադառնալուց փորձում էր իրավիճակը լարել»։

Թեև անցած տարեվերջին Հայաստանի նախագահը քննադատել էր ՀԱՊԿ-ի լռությունը, կառույցը հիմա էլ Հայաստանի սահմանների և գյուղերի գնդակոծությանը պաշտոնապես չի արձագանքել։

«Երկրների այն խումբն է, որտեղ չկա որևէ կոլեկտիվ շահերի ընկալում հատկապես անվտանգության բաղադրիչի մասով, մնացածը փաստաթղթի վրա է։ Այնպես որ այդ փաստաթղթային կազմակերպությունից ինչ-որ ակնկալիք ունենալը երևի ամենասխալն է լինելու։ Հարցն այն է, թե հիմա մենք, լինելով նախագահող երկիր, պետք է այդ հարցերը բարձրաձայնենք և փորձենք կառույցը տեղից շարժել», - ասաց Թևան Պողոսյանը։