Համաճարակ չկա, վստահեցնում է առողջապահության նախարարությունը

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են, այսօր հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով՝ այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է, ասված է հաղորդագրությունում:

Նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: Նախարարության պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով, վստահեցնում է նախարարությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին, որոնք աջակցում են բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելու գործում, և կոչ անելով քաղաքացիներին հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող մասնագիտական հավաստի տվյալների վրա:

Նախարարությունը հիշեցնում է, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։