Ամանորի գիշերվա միջադեպի մասին հաղորդում հաջողվեց ներկայացնել միայն ութ օր անց

Փաստաբան Տիգրան Հայրապետյան

Միջադեպից մեկ շաբաթ անց միայն՝ տարվա առաջին աշխատանքային օրը, փաստաբան Տիգրան Հայրապետյանին հաջողվեց հանցագործության մասին հաղորդում հանձնել Գլխավոր դատախազությանը: Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական բռնությունների մասին յոթ ակտիվիստների բողոքը տոնական օրերին իրավապահները չէին ընդունում։

«Փակ է եղել, եկել եմ այստեղ, ոստիկաններն ուղղակի ասել են՝ մենք իրավասու չենք որևիցե փաստաթուղթ վերցնելու, ասել եմ՝ խնդրում եմ փոխանցեք հերթապահ դատախազին, ասել են՝ հերթապահ դատախազ գոյություն չունի։ Չեմ հավատացել ոստիկանների ասածին, զանգահարել եմ բոլոր էն հեռախոսահամարներով, որոնք իրենց կայքում են, մինչև երեկ որևիցե պատասխան չի եղել»,- «Ազատությանը» փոխանցեց փաստաբանը։

Այսօր վերջապես հանձնված հաղորդման մեջ տոնական գիշերվա հավաքի մասնակիցները պնդում են, որ ոստիկաններն անհիմն և ագրեսիվ հարձակվել իրենց վրա, ծեծի ենթարկել՝ հասցնելով բազմաթիվ վնասվածքներ։

«Քրեական գործ հարուցելու համար կարևոր նշանակություն ուներ նաև բռնությունների ծավալը, թե ինչպիսի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչ աստիճանի են, սակայն արդեն անցել է ութ օր և բավականին դժվար կլինի պարզել այն հետքերը, որ արդեն վերացել են։ Գոնե այսօր եթե որոշում կայացվի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, հնարավոր կլինի դրանք ֆիքսել»,- ասաց Հայրապետյանը։

Ոստիկանների կողմից արհեստական փոքրիկ եղևնին կոտրելուց հետո ընդդիմադիր շարժման համակիր Հովհաննես Ղազարյանը փորձել էր ինքը տոնածառ դառնալ, որ Ազատության հրապարակում տոնը չփչանա: «Հաշվի առել էինք, որ կարող են մեր տոնածառը բռնագրավել և վնաս տալ, այլընտրանքային տարբերակ ունեինք՝ այդ շարժական տոնածառը»,- պատմեց նա։

Հովհաննեսը տոնածառի հանդերձանքով գետնին է տապալվել ոստիկանի ոտքի հարվածից.- «Գցել են գետնին, քաշքշել են, մի քանի հարված են հասցրել։ Ոստիկանությունն էլ, ընդհանրապես այս իշխանություններն էլ պետք է լավ հասկացած լինեին, որ մենք դուրս ենք եկել իրենց դեմ պայքարելու, գնալու ենք մինչև վերջ և հետ չենք կանգնելու»։

Ազատության հրապարակ 23-ամյա ակտիվիստը վերադարձել էր ոստիկանական բաժանմունքից, մինչև տարեմուտն արդեն բերման էր ենթարկվել նույն վայրից։

«Փորձել էի այստեղ մտնել Չեբուրաշկայի գլխարկով, դա նրանց համար վիրավորական էր թվացել, հայհոյանքներ, սպառնալիքներ, զայրացած էին հիմնականում, որ Նոր տարուն նրանց ղեկավարները կտրել են իրենց Նոր տարին նշելու հնարավորությունից և կանչել էին աշխատանքի»,- ասաց Հովհաննեսը։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը Գևորգ Սաֆարյանի պաշտպանն է և այսօր Վերաքննիչ դատարան է դիմել՝ բողոքարկելով երկամսյա կալանքի որոշումը։ Դատավորն, ըստ փաստաբանի, հիմնավորել է, թե ազատության մեջ մնալով «Նոր Հայաստան»-ի կալանավորված անդամը կարող է ավելի ծանր հանցագործություն կատարել։

«Գևորգ Սաֆարյանին արդեն յոթ ամիս մեկ այլ հանցագործության՝ էլի քաղաքական գործունեության հետ կապված, մեղադրանք էր առաջադրվել, բայց խափանման միջոցը հենց նույն գլխավոր դատախազն է ստորագրել, որոշում էր կայացրել ստորագրություն չհեռանալու մասին։ Ավելի ակնառու այն, որ անձը քաղաքական գործունեության համար է կալանավորվում, հնարավոր չէ հիմնավորել»,- ասաց փաստաբանը։

Վճռաբեկ դատարանը եռօրյա ժամկետում՝ արդեն հաջորդ շաբաթ քննության կառնի բողոքը, մերժելու դեպքում պատրաստ են նաև գրավ առաջարկել.- «Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանության աշխատակցի հաղորդումը անհապաղ քննեցին, քրեական գործ հարուցեցին, իսկ իր հաղորդումը, իսկ իր բանավոր, գրավոր ցուցմունքները որևիցե արձագանքի չեն արժանացել»,- տարակուսում է փաստաբանը։