Նավթի գնի անկումն ու ռուբլու արժեզրկումը բացասաբար կազդի նաև Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած Հայաստանի վրա: Առաջին հերթին կկրճատվեն տրանսֆերտները, պնդում են տնտեսագետները, հավելելով՝ բիզնես հաջողությունները Եվրասիական տնտեսական տարածքի հետ կապողներին ևս մեծ հիասթափություն է սպասում առաջիկայում:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը վստահ է՝ Ռուսաստանի տնտեսությունից կախված Հայաստանում անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում ֆինանսատնտեսական դժվարություններ են սպասվում:
«Ռուբլին, այո, արժեզրկվում է, արժեզրկվում է հենց նավթի գնանկման պատճառով հիմնականում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիազարյանը և շարունակեց․ - «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը հումքային մասնագիտացում ունեցող երկիր է և արտահանում է համաշխարհային շուկա էներգառեսուրսներ, այլ հումքատեսակներ, և դրա հիմնական մասը կազմում է նավթը՝ ծավալային առումով, արտարժույթի՝ երկիր մուտքի առումով, և, բնականաբար, քանի որ արտարժութային հոսքերը դեպի Ռուսաստան կրճատվում են նավթի գնանկման պատճառով, ռուբլին արժեզրկվում է»:
Դա, ըստ տնտեսագետի, կարող է իր ազդեցությունը ունենալ նաև Հայաստանի շուկայի, մասնավորապես՝ երկրի արտարժութային շուկայի վրա:
«Բայց, այնուամենայնիվ, այնպես չէ, որ միայն ռուսական գործոնը կամ նավթի գնանկումը կարող է եղանակ ստեղծել մեր արտարժութային շուկայում», - ընդգծեց Աշոտ Եղիազարյանը՝ մանրամասնելով․ - «Դրամի վրա ազդում են նաև այլ գործոններ, որի շնորհիվ դրամը նաև կարող է ամրապնդվել: Օրինակ, դրամի վրա ամրապնդման ուղղությամբ աշխատող գործոններ են անցած տարի մեր ներմուծման ծավալների կրճատումը ավելի քան 26 տոկոսով, նաև Հայաստանի ստանձնած նոր վարկային պարտավորությունները, այսինքն՝ Հայաստանը նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից, պետություններից նոր վարկեր ներգրավեց, արտարժութային մուտքեր ունեցավ, որի շնորհիվ փոխհատուցվեցին տրանսֆերտների մասով կորուստները, և դրա համար դրամը դրսևորեց իրեն ավելի կայուն»:
«Իհարկե, նավթի գնանկումը կառաջացնի մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատում նաև հետագայում, այսինքն՝ այս տարվա ընթացքում, բայց, միաժամանակ, այս տարվա ընթացքում նույնպես Հայաստանը նախատեսում է ներգրավել, այլ պարտքային պարտավորություններ է ստանձնել՝ բյուջեով նախատեսված, որոնք, իրենց հերթին, կարող են փոխհատուցել այդ տրանսֆերտների կրճատումը», - ասաց տնտեսագետը:
Միաժամանակ, ըստ Եղիազարյանի, եթե Հայաստանում ավելանան օտարերկրյա ներդրումների ծավալները, դա նույնպես երկրի վրա կունենա բարենպաստ ազդեցություն:
«Կախված է այս գործոնների համախմբումից, այսինքն՝ ինչպիսի հարաբերակցություն կարող ենք ունենալ բացասաբար ազդող և դրական ազդող գործոնների», - նշեց տնտեսագետը: