Վարդգես Գասպարին բարձրաձայնում է հերթական բռնության մասին

Վարդգես Գասպարի, արխիվ

Ակտիվիստի խոսքով, իր վրա հարձակվել է մի տղամարդ, որին հաճախ է տեսել ՀՀԿ գրասենյակում:

Վարդգես Գասպարին բարձրաձայնում է իր նկատմամբ հերթական բռնության մասին: Ըստ ակտիվիստի, երեկ երեկոյան իր բնակարանից ոչ հեռու՝ Կարեն Դեմիրճյան փողոցում իր վրա հարձակվել է մի տղամարդ, որին հաճախ է տեսել նույն փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում:

Գասպարին առայժմ անուն չի նշում, սակայն պնդում է, որ հարձակվողը նախկինում էլ սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին:

«Էդ անձնավորությունը էստեղ կանգնած ձյուն էր քերում: Կանգնեց իմ դիմաց, ճանապարհս փակեց: Դա առաջին շփումը չէր, շատ է եղել նման բան: Դեմս փակեց, թե՝ «կանգնի, բան կա խոսելու»: Ես տեսա, որ խմած է, եկա իրա կողքից անցնեմ, տեսա՝ չէ, ուղղակիորեն չի թողնում: Հետո սկսեց քաշքշուկ՝ բա՝ «դուք սենց եք, նենց եք», հետո սկսեց աստիճանաբար հայհոյել: Ես ասացի՝ «ինչ ասում ես, դու ես»: Հետո սկսեց սպառնալիքներ՝ «կխփեմ»: Ասացի՝ «խփի՛ր»: Առաջինը հարվածեց դեմքիս, հետո՝ փորիս, ես վայր ընկա, արդեն՝ քացիներով...», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գասպարին:

Միջադեպից հետո, Գասպարին ասում է, որ գնացել է նախագահական նստավայրի մոտ՝ իր բողոքն արտահայտելու, քանի որ հենց այդ կառույցն է ակտիվիստը համարում իրավիճակի պատասխանատուն:

«Գնացի արդեն նախագահական նստավայրի դիմաց, մոտակայքում մի շիշ էր ընկած, վերցրեցի ու նետեցի պահակասենյակի ապակու ուղղությամբ: Դիպավ պատին, փշրվեց, հետո դուրս եկան պահակները: Ես ասացի՝ «ձեր լակոտ թափթփուկներից ինձ խփել են, հիմա էլ ասում եք, թե ի՞նչ է եղել»: Որովհետև բոլորը որպես մեկ մարմին են աշխատում», - ասաց ակտիվիստը:

Ոստիկանությունը, Գասպարիի խոսքով, իրեն տարել, թողել է ամայի մի վայրում: «Բռնեցին, շատ բիրտ կերպով խցկեցին մեքենան, գլուխս սեղմեցին ներքև, ձեռքս ոլորել էին հետև: Դուռը բացվեց, մի հոգի նստեց, ու նորից ես զգացի ալկոհոլի սուր հոտը, ու ենթադրում եմ, որ էս անձնավորությանն արդեն գտել, բերել, նստացրել էին այդտեղ: Մեքենան շարժվեց, շատ երկար քշեց՝ մեկ ժամ և ավելի: Չգիտեմ՝ ուր էր գնում, իրենք երբեմն շշուկով խոսում էին: Իմ ենթադրությունն է, որ մեկ ժամվա ընթացքում այդ անձնավորության կռիշի հետ խոսեցին, որ բանը ոստիկանություն չհասնի: Ուղղակիորեն ինձ տարան, խուլ ամայի տեղ վայր գցեցին», - ասաց Գասպարին:

Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին, որ երեկ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին՝ հասարակական կարգը խախտելու համար, սակայն բաժին չեն տարել, այլ ճանապարհին ազատ են արձակել, թե ինչու՝ չմանրամասնեցին:

Այս միջադեպի վերաբերյալ քննություն ամենայն հավանականւթյամբ չի կատարվի, ըստ ոստիկանության, Վարդգես Գասպարին հաղորդում չի տվել հանցագործության մասին: Ինքը Գասպարին ասում է, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ ոստիկանությանը չի դիմում: «Ինչ իմաստ ունի: Իմ տանը պապկաներով բռնություններ կան, բոլորը բողոքել եմ, բոլորն անհիմն է համարվել: Երկու օր առաջ Կենտրոնի դատարանի մոտից ինձ նորից բերման ենթարկեցին, այդ ոստիկանները Մալաթիայի բաժնում ինձ ամենաստոր կտտանքների ենթարկեցին: Հիմա ես գնամ էդ ոստիկաններին բողոքե՞մ», - ասաց ակտիվիստը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, նորություն չեն ակտիվիստների նկատմամբ հարձակումներն ու բռնությունը: «Իշխանություններն այդպես են պատկերացնում աշխարհը, իրենց կյանքը: Իրենց գոյությունը, երկարակեցությունը պայմանավորում են տեռորով: Այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն երկրում, որ ակտիվները դադարեն ակտիվ լինելուց կամ հեռանան երկրից, կամ եթե շարունակում են ապրել երկրում, ապրեն իրենց տներում՝ բողոքեն իրենց խոհանոցներում, իրենց տներում, բայց դուրս չգան: Սարսափ տարածել, վախեցնել՝ սա է նպատակը», - ասաց Հարությունյանը:

Իրավապաշտպանը, սակայն, շեշտում է՝ 21-րդ դարում այդ գործելակերպը հաջողության չի հասնի: