Ընդդիմությունը 2015-ին․ Եռյակի պառակտումը, «Նոր Հայաստան»

Ոչ իշխանական եռյակի կուսակցությունների առաջնորդները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 23-ը հոկտեմբերի, 2014թ.

Անցած տարվա մեկնարկին Գագիկ Ծառուկյանը հերթական հանրահավաքին էր պատրաստվում: Իրեն ընդդիմադիր չէր կոչում, բայց իշխանափոխություն բառն արդեն արտաբերել էր Ազատության հրապարակի ամբիոնից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:

Փետրվարին իր շքեղ հյուրանոցում կազմակերպած համաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը արտահերթ լուծումների մասին էր խոսում: Ծառուկյանն ու կուսակիցները լսել չէին ուզում սահմանադրական փոփոխությունների մասին:

Իրադարձությունները զարգացան շատ ավելի արագ, քան հավանաբար հաշվարկել էր խորհրդարանական եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն»-ը:

Ծառուկյանի հրավիրած ժողովից օրեր անց Սերժ Սարգսյանը կուսակիցներին կանչեց հավաքի: Իշխող Հանրապետականի խորհրդի նիստում նախագահը բաց տեքստով հայտարարեց՝ Ծառուկյանը քաղաքականությունից պետք է հեռանա: