Երեկ ծեծի ենթարկված՝ «Նոր Հայաստան» շարժման աջակից Սյուզի Գևորգյանի խոսքով, բժիշկներն իր մոտ ուղեղի ցնցում են արձանագրել։ Գևորգյանին այսօր հարցաքննել են ոստիկանները: Այսօր «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Կոմիտաս 1 հասցեում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ։ Իր տան բակից դուրս գալիս նա նկատել է, որ իրեն հետևում են և վազել է դեպի փողոց։
«Դուրս եկա դալանից և հասա փողոց, չհասած սուպերմարկետ, փողոցի մեջտեղում նրանք հասան ինձ, հետևից քաշեցին, ես ընկա: Երկու հոգի էին, սկսեցին ոտքերով հարվածել: Քթիս մասն ա ուռել, երեկ աչքիս վերևում էր շատ ուռած, այսօր մի քիչ անցել ա, մարմինս ցավում ա․․․»:
Փողոցում Գևորգյանի օգնության կանչերից հետո մարդիկ են մոտեցել, իսկ ծեծողները փախուստի են դիմել։ Սյուզին պնդում է, որ այդ տղամարդկանց վերջին մի քանի օրերին երկու անգամ նկատել է իր տան բակում։ Գևորգյանը բռնության էր ենթարկվել նաև նախորդ տարվա օգոստոսին։
Այն ժամանակ հարվածողները, ըստ նրա, պահանջել էին հեռու մնալ պայքարից։ Այս դեպքը, երիտասարդ ակտիվիստի համոզմամբ, նախորդի հետ կապված է: Սյուզին վստահ է, որ պատճառն իր քաղաքական հայացքներն են։
«Հիշում եմ՝ խփելու ընթացքում ինձ ասեցին՝ քեզ ասել էինք, որ էլ չերևաս: Այո, ես կարծում եմ, որ դա կապված է իմ քաղաքական հայացքների հետ, որովհետև ևս Ռուսաստանից նոր եմ վերադարձել Հայաստան ու չեմ կարծում, որ ուրիշ մի պատճառ կարող է լինել: Նաև ձեռագիրն է նույնը: Երբ առաջին անգամ ծեծի ենթարկեցին, ես սփյուռքահայերին թռուցիկներ էին բաժանում, որ իրենք էլ միանան պայքարին: Նույն բանը կատարվում ա հիմա, որ ես հետ կանգնեմ․․․»,- պատմեց Գևորգյանը:
«Նոր Հայաստան» շարժման պնդմամբ, Սյուզի Գևորգյանին թիրախավորելը պատահական չէ, քանի որ «նա այն երիտասարդներից է, ով արտերկրից եկել է Հայաստան՝ հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար և շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ»: Տարածած հայտարարության մեջ շարժումը պնդում է, որ այս դեպքը, ինչպես և Գևորգ Սաֆարյանին կալանավորելը, իրենց հանդեպ ճնշումների շղթայի օղակներն են։
«Սյուզի Գևորգյանը հատուկ պայքարի նպատակով հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաև Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում՝ վերադառնալ իրենց երկիր և պայքարել նրա ապագայի համար:
Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի և բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրքավեի արդյունքները վիճարկող և միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից և անհատներից», - հայտարարում է «Նոր Հայաստան»-ը։