Արմեն Աշոտյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Կրթության և գիտության նախարարության խոսնակի փոխանցմամբ, նախարարն առայժմ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել։

«Տեղափոխվել է հիվանդանոց, այնտեղ արդեն կատարվել է վիրահատություն: Այս պահին նախարարի վիճակը բավարար է և հուսանք, որ կկարողանա շուտափույթ ապաքինվել և վերադառնալ բնականոն աշխատանքի», - ասաց նախարարության խոսնակ Զոհրաբ Եգանյանը:

Նա կտրականապես հրաժարվեց ասել, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը: Հարցին, թե արդյոք նախարարը չի մեղադրում քաղաքային իշխանություններին փողոցները չմաքրելու համար, Եգանյանը պատասխանեց, որ պատրաստ է գարնանը իր ոտքը կոտրել, որպեսզի Տարոն Մարգարյանին չմեղադրեն` հավելելով. - «Մենք չգիտենք դեպքը որտեղ է եղել: Ամռանն էլ ոտք կոտրում, ձմռանն էլ են կոտրում, տարվա բոլոր եղանակներին... Դա փորձանք է, որ պատահել է: Մնացածը նախարարը արդեն կխոսի, երբ որ դուրս գրվի հիվանդանոցից»:

Դեպի վայրը չի նշում նաև Արմեն Աշոտյանը: Հայտնի է, որ նա և Տարոն Մարգարյանը մտերիմներ են, և քաղաքապետի ընտրությունների ժամանակ նախարար Աշոտյանը Տարոն Մարգարյանի թիմից էր։

Ավելի ուշ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ում հակիրճ գրությամբ հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կվերականգնվի և կվերադառնա կյանքի բնականոն ռիթմի։

Այսօր, ի դեպ, եռօրյա լռությունից հետո մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներին է անդրադարձել քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա գիշերը հետևել է աշխատանքներին և հայտարարել, որ դրանք բավարար չեն. - «Բնականաբար, դժվարանում ենք, քանի որ ձյունը չդադարելով, արդյունքներ ակնկալելը ավելի դժվար է: Բայց կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում ոչ մի փողոց փակված չէ, բոլոր փողոցները անցանելի են: Մեր համար առաջնային խնդիրը կենտրոնական և երկրորդական փողոցների մաքրման աշխատանքներն են` Երևան քաղաքի երակները բաց թողնելը, որ կարողանանք երթևեկությունն ապահովենք: Իսկ երկրորդ փուլով մենք պետք է աշխատանքներ տանենք երրորդական, չորրորդական փողոցների, մայթերի ու բակային հատվածների»:

Քաղաքապետը, այդուհանդերձ, աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել։ Նշենք, որ մայրաքաղաքային իշխանությունները տարածված հաղորդագրությամբ պնդում են, որ դեկտեմբերի 30-ից սկսած ձնամաքրման աշխատանքները չեն դադարել։