Ձերբակալվել է «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը

Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ազատության հրապարակից ձերբակալվել է ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը։ Հրապարակում շարժման անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Գևորգ Սաֆարյանը և ևս 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանություն։ Բացի Սաֆարյանից, մյուսներին ազատ են արձակել։

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները պնդում են՝ ոստիկանները Ազատության հրապարակում խոչընդոտել են իրենց խաղաղ հավաքը, բռնություններ գործադրել իրենց նկատմամբ։

Շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Նոր տարին նշող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը տոնածառն է։ Ազատության հրապարակում դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր շարժումը Նոր տարին որոշել էր հրապարակում նշել՝ ձմեռ պապով և տոնածառով, բայց քանի որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չէր ընդունել տոնածառի տեղադրման իրենց առաջարկը, ոստիկանները արգելել են այն տեղադրել։

Վարուժան Ավետիսյանը վերհիշում է ժամեր առաջ տեղի ունեցածը՝ ընդգծելով՝ ոստիկանները անօրինական ձևով խոչընդոտել են իրենց խաղաղ հավաքը՝ տոնածառը խլել են, գետնին գցել, հայհոյել իրենց, մի քանիսին էլ՝ հրմշտել։

«Մի ուրիշ,կրեատիվ տարբերակ էի մտածել։ Երիտասարդներից մեկի վրա տոնածառի զարդեր էին կախվելու, որպեսզի նա տոնածառի տպավորություն թողնի, և ոստիկանները հարձակվեցին նաև այդ երիտասարդի վրա։ Սկսվեց քաղաքացիների ծեծուջարդ», - ասաց Ավետիսյանը։

«Նոր Հայաստան»-ը արդեն տարածել է գիշերը տեղի ունեցածի տեսագրությունը, որտեղ երևում է ոստիկանների ու ակտիվիստների միջև քաշքշոցից դրվագներ, իսկ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դիմում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նրան տեղեկացնելով ենթակաների կողմից գործադրված բռնությունների ու ծեծի մասին։

Մինչ Օսիպյանը հերքում է ծեծի դեպքերը, մեկ այլ ակտիվիստ՝ Սևակ Մանուկյանը պատրաստվում է դիմել իրավապահներին՝ բողոք ներկայացնելով ոստիկանների դեմ։ Սևակը պնդում է՝ ոստիկանների կողմից հրահրած բախման ժամանակ իրեն հրել են, գցել գետնին։

«Տոնածառի թույլտվությունը ո՞րն է։ Սաղ քաղաքում տոնածառ է, ի՞նչ է նշանակում՝ չի թույլատրվում տոնածառ։ Հազարներով կտրում, բերում են, դա թույլատրվում է, բայց որ մենք արհեստական սարքել էինք, չէր կարելի՞։ Էդ ժամանակ հրեշտակներից մի ոստիկան ինձ հարվածեց և կորավ։ Էդ պահին աչքերիս դիմացը սևացավ։ Հետո կարմիրբերետավորների մի մայով վիզս բռնեց և ասաց՝ էս սկիզբն ա, ձեզ հատ-հատ ոչնչացնելու ենք։ Իհարկե մեր հասցեին հայհոյանքներ...Հետո ընկա գետնին, ինքը որ թողեց ու ուշքս գնաց», - «Ազատության»-ը պատմեց Սևակ Մանուկյանը։

Երիտասարդն այսօր դիմել է բժշկի՝ նախնական տվյալներով, ուղեղի ցնցում է ստացել։ 3-4 օր հսկողության տակ պետք է մնա։

Վարուժան Ավետիսյանն ընդգծում է՝ ոստիկանները գիշերը բերման ենթարկված 5 ակտիվիստներից միայն Գևորգին են թողել ճաղերի հետևում՝ փորձելով այդ կերպ ճնշել շարժումը։

«Ավելի աչքի ընկնող է, ավելի ակտիվ է։ Մի բան ակնհայտ է, որ ոստիկանության ներկայացուցիչները Գևորգի նկատմամբ բացասական իմաստով առանձնահատուկ վերաբերմունք ունեն, և քանի որ Գևորգը երիտասարդության շրջանում մեծ համարում ունի՝ պայքարող երիտասարդության, թերևս աչք վախեցնելու նպատակ ունեն։ Հարկավ, ո՛չ Գևորգն է դրանից վախեցողը, ո՛չ էլ նրա պայքարակիցները։ Պարզապես ուրիշ ճար չունեն և ձեռքը փրփուրից են գցում», - ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նրա պնդմամբ, իշխանություններն այնքան են չափերն անցել, որ անգամ Ամանորի գիշերը անցկացրին բռնություններով։

Տարածած հաղորդագրության մեջ «Նոր Հայաստան»-ը քննադատելով իշխանություններին՝ շեշտում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը օր առաջ պետք է համախմբվեն իշխանություններին խաղաղ ձևով հեռացնելու, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն ձևավորելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի շուրջ: