Լևոն Մնացականյան. 2015-ին ՊԲ-ն պատվով կատարեց իր գլխավոր առաքելությունը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Հերթական բանակային տարին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համար լեցուն էր նշանակալի ձեռքբերումներով ու լրջագույն փորձություններով, ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձում։

«Անցնող 2015 թվականը նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի: Հրադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ գործածության մեջ դրեց հրետանի և տանկեր՝ միաժամանակ շարունակելով իրականացնել դիվերսիոն-հետախուզական փորձեր», - իր ուղերձում ընդգծել է գեներալ-լեյտենանտ Մնացականյանը՝ շարունակելով. - «ՊԲ անձնակազմի պատշաճ պատրաստության, բարոյակամային բարձր որակների շնորհիվ հակառակորդի բոլոր ծրագրերը մշտապես ձախողվել են, յուրաքանչյուր ոտնձգություն ստացել է խիստ պատասխան՝ նրան արժենալով մարդկային կյանքեր: Ցավոք սրտի, ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար ընկել են նաև մեր զինակիցները: Փառք ու պատիվ նրանց անմար հիշատակին»:

«Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015թ. ավելի է ամրապնդել հասարակության և բանակի անխախտ կապը, երկրի իշխանությունները, ամբողջ հասարակությունը մշտապես եղել են բանակի կողքին», - նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։- «Բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հնարավորություն է ստեղծել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման, ուսումնանյութական բազայի և ապահովման բոլոր տեսակների կատարելագործման համար, առանձնահատուկ կարևորություն է տրվել մարտական հերթապահության կազմակերպմանն ու առաջնային գծի տեխնիկական կահավորվածության ամրապնդմանը, ինչի արդյունքում պետության պաշտպանունակությունը բարձրացել է որակական նոր աստիճանի: Իր վճռական գործողություններով բանակն ապահովել է նաև հայկական կողմի ամուր և վստահ դիրքերը արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում»:

«Այսօր, իրավամբ, կարելի է փաստել, որ 2015 թվականին ԼՂՀ Պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը՝ Արցախի պաշտպանությունն ու հարազատ ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում։