Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում հինգ տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է հարցեր հղել Հայաստանի կառավարությանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:
«Դա նշանակում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը ակնհայտ ամհիմն չի համարել, բարձրացված հարցերը դատարանի համար էլ են իրավական հարցեր, Հայաստանի կառավարությունն այդ հարցերի վերաբերյալ պետք է հիմա պատասխան տա»,- ասաց Զեյնալյանը:
24-ամյա Վահան Խալաֆյանը Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում էր հայտնվել՝ գողություն կատարելու կասկածանքով: «Առավոտյան ոստիկանները նրան տանից զրուցելու պատրվակով տանում են ոստիկանություն, և արդեն երեկոյան, ժամը 17-ի սահմաններում պարզ է դառնում, որ նա մահացել է: Պաշտոնական վարկածը հետևյալն է, որ նա, վախենալով բանտում նվաստացումներից, ուղղակի դիմել է ինքնասպանության: Սակայն, մենք պնդոմ ենք, որ Վահան Խալաֆյանը նախապես մահացել է ստացած վնասվածքներից, այնուհետև ոստիկանությունը, որպեսզի խուսափի ավելի ծանր պատժից, ինքնասպանության իմիտացիա է կատարել: Նրան ենթարկել են խոշտանգման, որպեսզի նա տա ինքնախոստավանական ցուցմունք»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը:
Խալաֆյանի մահվան գործով անցնում էին չորս ոստիկաններ, երկուսն առաջին ատյանի դատարանում արդարացվեցին, մյուս երկուսը՝ դատապարտվեցին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Առավելագույն՝ 8 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանի պատիժը վերաքննիչ դատարանը համաներմամբ մեկ երրորդով կրճատեց, իսկ մյուսն ընդհանրապես ազատ արձակվեց: Խալաֆյանի շահերի ներկայացուցիչները դիմել էին Եվրոպական դատարան: «Պահանջով՝ ճանաչել, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում չի արվել արդյունավետ քննություն․․․»,- պարզաբանում է Արտակ Զեյնալյանը:
Խալաֆյանի հարազատները պնդում էին, որ ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանությունում ինքն իրեն դանակահարած Վահանին իրականում բռնության է ենթարկել Չարենցավանի՝ այդ ժամանակ փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը, ով այդպես էլ դատարանի առջև չկանգնեց: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը միջադեպից անմիջապես հետո եղել էր Չարենցավանում: Նա հիշում է, որ Խալաֆյանից բացի բռնության այլ զոհեր էլ կային:
«5 կամ 6 հոգով են եղել, և բոլորին էլ խոշտանգումների, աննկարագրելի բռնությունների են ենթարկել: Բերման ենթարկելու գործառույթն իրականացնում էր այժմ արդեն ոստիկանապետ Սամվել Տոնոյանը, որը նախկինում փոխոստիկանապետ էր՝ կոնկրետ էդ դեպքի ժամանակ»,- ասաց Ալեքսանյանը:
Հայաստանի կառավարության պատասխանից հետո, Խալաֆյանի շահերի ներկայացուցիչներն իրենց առարկությունը ներկայացնելու հնարավորություն կունենան, ինչից հետո Եվրոպական դատարանը որոշում կկայացնի: Եթե հաստատված համարվի, որ տեղի է ունեցել իրավունքների խախտում, ապա Վահան Խալաֆյանի ներկայացուցիչները կդիմեն՝ Հայաստանում գործի վերաբացման համար: Իրավաբան Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ, Ստրասբուրգում բարձրացվելու է նաև գումարային փոխհատուցման հարցը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած բռնության առաջին դեպքը չէր: «Շատ հավանական է, որ Հայաստանի դեմ վճիռ է կայացվելու: Վերջապես կյանքի իրավունքի խախտման դեպքերով լինելու են այսպիսի վճիռներ, որոնք պետք է պարտադրեն ոստիկանությանը՝ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը մեր քաղաքացիների նկատմամբ»: