ՀՔԾ-ն վարույթ է ընդունել հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերով քրգործերը

Հատուկ քննչական ծառայության վարույթ են ընդունվել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

ՀՔԾ-ի փոխանցմամբ, մասնավորապես, ըստ հաղորդումների՝ հանրաքվեի արդյունքներն առերևույթ կեղծելու դեպքեր են արձանագրվել թիվ 4/4, 4/6, 4/10, 4/15, 4/18, 4/21, 5/38, 11/22, 15/18, 23/42, 7/22, 7/14,4/32, 4/12, 4/2, 4/28, 4/33 ընտրական տեղամասերում:

«Հիշյալ ընտրական տեղամասերում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև Գլխավոր դատախազության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված թվով 9 քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՔԾ վարույթ է ընդունվել նաև թիվ 5/28 ընտրական տեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող, hetq.am կայքի թղթակից Դիանա Ղազարյանի հաղորդման հիման վրա՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

«Այսպիսով՝ Հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվում են 23 քրեական գործեր: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։