Աշխատանք է տարվում Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը կապող էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ

Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ, որը աշխատելու է չորս երկրները կապող էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ մանրամասնելով, որ խոսքը էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է:

Այս հարցի շուրջ երեկ Երևանում բանակցություններ են վարել և փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի, Իրանի ու Վրաստանի էներգետիկայի նախարարները և ռուսաստանյան «Ռուսական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:

«Ստեղծելով այդ խումբը՝ մի հատ ռևիզիայի ենթարկենք՝ ամեն մի երկիրը ինչպես է իրականացնում այդ գործողությունները, ունենալով իր նորմատիվային դաշտը, որը կանոնակարգում է այդ տեխնիկական հարցերը, և ապրիլի կեսերին պայմանավորվել ենք արդեն մյուս հանդիպումը կազմակերպել: Մինչև այդ կոորդինացիոն խումբը կփորձի այդ գույքագրումը կատարելով նախանշել՝ ինչ պետք է անենք», - նշեց Գալստյանը:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդման համաձայն, նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը, ինչի արդյունքում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը 2021թ․-ին կկազմի 700 ՄՎտ:

2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման՝ թվով երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումը սկսվեց այս օգոստոսին, և որի ավարտից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու հարևանների միջև հասցնել մինչև 1200 ՄՎտ հզորության։

«Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք լիարժեք ձևով իրականացնել այն պայմանագիրը, որը առկա է՝ գազ ստանում ենք, դիմացը էլեկտրաէներգիա ենք ուղարկում Իրան, հասցնելով այդ թիվը, ըստ պայմանագրի, մինչև 6.9 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի», - նշեց փոխնախարարը, - «Առկա ծավալները հիմա 1 միլիարդ 200 միլիոնի սահմաններում է»:

«Գազպրոմի» ղեկավարի ու Վրաստանի էներգետիկայի արդեն նախկին նախարար Կախա Կալաձեի միջև մոտ երկու շաբաթ առաջ Լյուքսեմբուրգում կայացած բանակցություններից հետո Ալեքսեյ Միլլերը հայտարարեց՝ «Գազպրոմ»-ն ու Իրանը աշխատում են մի նախագծի շուրջ, որի իրականացման դեպքում, ըստ մասնագետների, Վրաստանը Ռուսաստանից կստանա ավելի մեծ ծավալի գազ, իսկ Իրանն էլ նույն ծավալի գազ կմատակարարի Հայաստանին:

Արեգ Գալստյանին հարցրեցինք՝ երևանյան երեկվա հանդիպմանը այս հարցը քննարկվե՞լ է:

«Այս պահին կարող եմ ասել՝ քառակողմ ֆորմատով միայն և միայն էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերն ենք քննարկել», - պատասխանեց Գալստյանը: