Մոտ մեկուկես տարի առաջ ձևավորված Քննչական կոմիտեի նոր մասնաշենքերի հիմնական մասը կառուցում է «Ագաթ-777» ընկերությունը, որի հիմնադիրներից է կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ Աղվան Կարապետյանը:
Ըստ հրապարակված փաստաթղթերի, վերջին երկու տարիներին այս ընկերությանը առանց բաց մրցույթի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ կամ շուրջ 2.5 միլիոն դոլար է փոխանցվել` կոմիտեի շինարարական աշխատանքների համար :
Երկու ամիս առաջ կնքված պայմանագրով «Ագաթ-777» ընկերությունն ավելի քան իննսուն միլիոն դրամով պարտավորվել է Երևանում իրականացնել Քննչական կոմիտեի՝ Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:
Կրկին առանց բաց մրցույթի այդ ընկերությունն իրականացրել է նաև Քննչական կոմիտեի գլխավոր մասնաշենքի կառուցումը: Այդ նպատակով «Ագաթ-777»-ի հետ կնքվել է ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դրամի կամ շուրջ 2 միլիոն դոլարի երկու պայմանագիր։ Նույն ընկերությունն է վերակառուցել նաև Քննչական կոմիտեի մարզային երեք մասնաճյուղերը։
Բացի շինարարական աշխատանքներից, «Ագաթ-777» ընկերությունը Քննչական կոմիտեին անցած տարվա դեկտեմբերին նաև ավելի քան 60 միլիոն դրամի կահույք է մատակարարել: Այս գործարքից մեկ ամիս առաջ Հայաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում ընկերության տնօրեն Աղվան Կարապետյանը մեղադրվում էր փաստաթուղթ կեղծելու մեջ: Դատախազութjան փոխանցմամբ՝ հարուցումից մեկ տարի անց գործը դեռ նախաքննության փուլում է, այն քննում է Հատուկ քննչական ծառայությունը։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է այս ընկերությունը նման իրավիճակում շարունակաբար պատվերներ ստանալ: «Առնվազն արտառոց է, երբ մի ֆիրմա գտնվում է, այսպես ասած, խոշորացույցի ներքո, որի հետ կապված կասկածներ կան, և այդ ֆիրման շարունակում է հաղթել»:
Փորձագետն ասում է, որ Ֆինանսների նախարարությունն ունի ոչ բարեխիղճ կազմակերպությունների սև ցուցակ, որոնք որոշակի ժամանակով զրկվում են պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից, սակայն դա ևս երբեմն շրջանցվում է:
«Օրինակ CPS հայտնի ընկերությունը, որը բենզին է մատակարարում, սև ցուցակում էր, բայց հաջորդ իսկ օրը գնում նոր ֆիրմա է գրանցում և էլի շարունակում է մասնակցել․․․»:
Քննչական կոմիտեի համար շինարարության պատվերների՝ մեզ հասանելի բոլոր պայմանագրերը «Ագաթ-777» ընկերության հետ կնքվել են մեկ անձից գնման եղանակով, առանց բաց մրցույթի։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ 2014-ին պետական գնումների 70 տոկոսը իրականացվել է հենց այդ եղանակով, չնայած, ըստ կազմակերպության փորձագետի, հաճախ կա և՛ բավարար ժամանակ, և՛ այլընտրանք` բաց մրցույթի անցկացման համար:
«Մարդկանց համար ամենահեշտ ձևը դա մեկ անձն է, որ ինքը ոչ մրցույթի անցկացման գիտելիքներ ունենա․․․ ոնց ա իրականացնում: Իր համար հեշտ ա՝ մեկ անձ ա անում , իհարկե՝ դրանից բխող նաև սուբյեկտիվ գործոնն այն է, որ մեկ անձը ողջ աշխարհում, նաև Հայաստանում, ամենառիսկային գործիքն ա: Ինքը գործիք ա, որով նաև կոռուպցիոն հետաքրքրություններ կամ շահեր են հետապնդվում»:
Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ նախորդ կառավարության գործունեության շրջանի համեմատ, գնումների ոլորտում իրավիճակը վատթարացել է: «Թափանցիկության մասով կա բավականաչափ մեծ հետընթաց, ավելին՝ տվյալների մուտքագրման նկատմամբ ընդհանրապես պատշաճ հսկողություն չկա»:
Հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014-ին Հայաստանում առանց բաց մրցույթի իրականացվել է 178 մլրդ դրամի պատվեր: Զեկույցում նշվում է, որ 2014-ին պետական գնումների շուկայում նկատվում է կայուն միտում՝ գնումների հիմնական մասը իրականացվում է ոչ մրցակցային հիմունքներով, ինչը մեծացնում է ընտրվող մասնակցի կախվածությունը պատվիրատուից: